Lragir.am. Օրերս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ազատել է երկրի գլխավոր հարկահանին այն բանի համար, որ հարկային տեսուչներն անհիմն ստուգումներ են իրականացրել ընդդիմադիր հանրապետական կուսակցությանը համակիր կազմակերպություններում:
Հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան անհիմն ստուգումների, հարկային տեռորի ու մի շարք ընկերությունների հետ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կապերի մասին: Ընդ որում, ինքը Խաչատրյանը չի հերքել իր կապն այն ձեռնարկության հետ, որին առանց մրցույթի ՀԴՄ կտրոնի թուղթ Հայաստան ներկրելու իրավունք է տվել: Այդ ընկերությունը պատկանում է Խաչատրյանի ընտանիքին, քանի որ գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է իր որդիներին պատկանող Ucom ընկերությունը:
Սակայն Գագիկ Խաչատրյանին ոչ ոք չի ազատում: Ավելին, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ նա չի խախտել օրենքը: Երեւում է նորմալ է, երբ ՊԵԿ անունից դրա ղեկավարը պայմանագրեր է կնքում այն ձեռնարկությունների հետ, որոնք պատկանում են իր որդիներին: Ի դեպ, հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Գագիկ Խաչատրյանը չի նշել որդիների անունով գրանցված սեփականությունը: Թեեւ հենց Ucom-ն է, ինչպես ինքն է ասել, իրականացնում ՊԵԿ ցանցի տեխնիկական սպասարկումը:
Գագիկ Խաչատրյանին ոչ միայն չեն ազատում, այլ նույնիսկ հրապարակավ դժգոհություն չեն հայտնում նրա աշխատանքից: Ոչ ոք չի հաշվել, թե քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել հարկային վարչարարության հետեւանքով: Բոլորը խոսում են հայկական տնտեսության ստվերի մասին, սակայն ոչ ոք հարց չի տալիս, թե ով է մեղավոր նրանում, որ ձեռնարկությունները թաքցնում են եկամուտները: Եկամուտների հայտնաբերումը հարկային մարմնի գործառույթն է, եւ ստվերը կամ նրա թերացման, կամ կանխամտածված թողտվության արդյունք է:
Հարկահանները եւ մաքսավորները բոլոր ժամանակներում վատ համբավ ունեին եւ համարվում էին անխիղճ ու անաստված մարդիկ: Սակայն Մատթեոսը հավատաց Աստծուն: Ներկայում ձգտում են նվազագույնի հասցնել տեսուչների ու ժողովրդի շփումները տեխնիկական նորամուծություններով: Սակայն առայժմ քաղաքացիների դռները թակում են հարկահանները, որոնց պետւ ազնվությանը քչերն են հավատում:

 Նաիրա Հայրումյան