«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ցանկանում է ընդլայնել և ավելի հուսալի դարձնել իրեն պատկանող «Յուքոմ» ինտերնետ-ցանցի գործունեությունը: Ի դեպ, «Յուքոմ» ինտերնետ կապը բավականին որակյալ է, բայց այն նաև անհուսալի է՝ այն իմաստով, որ ցանցը անցնում է օդային տարածքով, ինչը որոշ առումով ապահով չէ, և երբեմն կարող են խափանումներ լինել:
Խոսակցություններ կան, որ Գ. Խաչատրյանը այդ պատճառով ցանկանում է իր ցանցը տարածել դիտահորերի միջոցով, ինչը, սակայն, «Յուքոմը» չունի: Կապի ծառայություն ունեցող ընկերություններից «ԱրմենՏելն» ունի դիտահորերի ցանց, որով էլ անցնում է նրա ֆիքսված կապի մալուխային ցանցը: Եվ հենց այդ դիտահորերն էլ ցանկանում է օգտագործել Գ. Խաչատրյանը:
Մեր տեղեկություններով՝ «ԱրմենՏելը» չի ցանկանում թույլ տալ, որ «Յուքոմն» իր ցանցը տարածի այդ դիտահորերով: Առանց «Յուքոմին» անդրադառնալու՝ «ԱրմենՏելից» տեղեկացրին, որ դիտահորերի այդ հնարավորությունն անսահմանափակ չէ, դիտահորերի ցանցը միայն այդ փոսը չէ՝ կապի մալուխները տարածվում են խողովակների միջոցով, որոնք ունեն սահմանափակ տարողունակություն: Այնուամենայնիվ, ընկերությունն իր այդ դիտահորերը վարձակալության հիմունքներով ինչ-որ ծառայությունների տրամադրում է: Իսկ թե որ ընկերություններին է տրամադրում՝ «ԱրմենՏելից» չցանկացան մեկնաբանել՝ դա համարելով կոմերցիոն գաղտնիք: Իսկ ինչ վերաբերում է «Յուքոմին», հավանաբար «ԱրմենՏելում» հասկացել են, որ Գ. Խաչատրյանը «ընդլայնող» քաղաքականություն է վարում, այդ պատճառով էլ զգուշանում են նրա հետ համագործակցել: Ու քանի որ այդ համագործակցությունը չի ստացվել, Գ. Խաչատրյանն այժմ ցանկանում է դիտահորերի ողջ ենթակառուցվածքը վերցնել «ԱրմենՏելից»:
Ի դեպ Գ. Խաչատրյանի եղբայրը՝ Սամվել Խաչատրյանը, աշխատում է նույն «ԱրմենՏելում», և, որքան էլ զարմանալի է, նա մարտի 7-ին նշանակվել է ֆիքսված կապի ցանցը շահագործող կառույցի ղեկավար: Դիտահորերն էլ գտնվում են հենց այդ կառույցի համակարգման ներքո:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանին հենց այդ պաշտոնին նշանակելու համար Գ. Խաչատրյանը ամիսներ առաջ խնդիրներ առաջացրեց «ԱրմենՏելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի համար: Վերջինս իր պաշտոնից վաղաժամ ազատվեց դեկտեմբերին: Նախ՝ տեղեկություններ տարածվեցին, թե Ի. Կլիմկոն մի քանի միլիոն դոլար է յուրացրել ընկերությունից ու հեռացել է: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Գ. Խաչատրյանը նրան առաջարկել է իր եղբորը նշանակել վերը նշված պաշտոնում, սակայն Ի. Կլիմկոն հրաժարվել է՝ ասելով, թե չի կարող, քանի որ այդ դեպքում շահերի բախում կարող է առաջանալ: Գ. Խաչատրյանը որոշել է իր նպատակին հասնել՝ Ի. Կլիմկոյին իր ճանապարհից հեռացնելով:
Խոսակցություններ կան, որ նա հարկային-մաքսային ծառայությունների միջոցով ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացրել «ԱրմենՏելի» համար, որի արդյունքում էլ Ի. Կլիմկոն հրաժարվել է պաշտոնից: Եվ ի վերջո՝ ՊԵԿ նախագահին հաջողվել է իր եղբորը նշանակել տալ այն պաշտոնում, որն այդ ընկերությունում համակարգում է իր համար շատ ցանկալի դիտահորերի ենթակառուցվածքը: Եվ չի բացառվում, որ շուտով Գ. Խաչատրյանի մալուխներն անցնեն «ԱրմենՏելի» դիտահորերով, կամ ՊԵԿ նախագահն ընդհանրապես այդ ընկերությունից վերցնի այդ ենթակառուցվածքը:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելուն, ապա «ԱրմենՏելից» հայտնեցին, որ նա մոտ 10 տարի է՝ այդ ընկերությունում է աշխատում, և իրենք երկարամյա և բարեխիղճ աշխատողներին զարգանալու հնարավորություն են տալիս: Ի դեպ, Գ. Խաչատրյանի եղբայրները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կապի ոլորտում: Օրինակ՝ Կոտայքի մարզում նրանք զբաղեցնում են «Հայփոստի» կառույցների ղեկավարի պաշտոնները: