Գագիկ Խաչատրյանը շահերի բախման իրավիճակում չի գտնվել. այս եզրակացությանն է հանգել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը' ուսումնասիրելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ կապվող ընկերությունների եւ նրա զբաղեցրած դիրքի միջեւ շահերի բախման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը վարույթ էր հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ են կապվում մի շարք խոշոր ընկերություններ:
Հանձնաժողովի որոշման մեջ նաեւ հստակեցվում է, որ մամուլում հիշատակվող այդօրինակ 14 ընկերություններից 2-ը' «Ապեյրոն»-ը եւ «Մեգամոթորս»-ը, իրոք, պատկանում են ՊԵԿ նախագահի որդիներին, 4-ը' նրա հետ փոխկապակցված այլ անձանց' հորեղբոր եւ հորաքրոջ որդիներին:
Բայցեւայնպես, հանձնաժողովի եզրակացությամբ, նույնիսկ, երբ հարցը վերաբերել է Գ.Խաչատրյանի մոտ հարազատներին, ընտանիքի անդամներին, հանձնաժողովի եզրակացությամբ, ՊԵԿ նախագահը ոչ մի գործողություն չի արել, որ շահերի բախման իրավիճակում կհայտնվեր եւ չի խախտել էթիկան:
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի' Հանձնաժողովի ներկայացրած գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, հիշյալ ընկերությունների հետ իր որդիների ունեցած կապի մասին որեւէ հիշատակում չկա: Նրանց ունեցվածքը հայրը չի հայտարարագրել եւ չի հիշատակել որպես փոխկապակցված անձինք: Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում նշված է միայն, որ ՊԵԿ նախագահն ստացել է 8 463 500 դրամ աշխատավարձ: Իսկ նրա ունեցվածքը կազմել է 278 000 000 դրամ, 2 980 000 դոլար:
Գագիկ Խաչատրյանն իր ընտանիքի անդամներից հայտարարագրել է միայն կնոջ եկամուտները, որոնք աշխատավարձի տեսքով կազմել են 671 740 դրամ, իսկ ունեցվածքը հայտարարագրվող տարում եղել է 188 000 000 դրամ, 2 765 200 դոլար: Ի դեպ, որեւէ այլ եկամտի աղբյուր կամ ունեցվածք պաշտոնյան ու իր կինը չեն հայտարարագրել, այդ թվում նաեւ' տուն կամ ավտոմեքենա:
Ինչեւէ, վերադառնալով, Հանձնաժողովի' Գ.Խաչատրյանի վերաբերյալ կայացրած որոշմանը, նշենք, որ հանձնաժողովի որոշումը «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը ստացել է մայիսի 17-ին, մինչդեռ այն կայացվել է մայիսի 3-ին:
Ի դեպ, եթե հակակոռուպցիոն կենտրոնը չհրապարակեր ի պատասխան իր դիմումի ստացած հանձնաժողովի որոշումը, հասարակությունն այդպես էլ չէր իրազեկվի այս հարցի վերաբերյալ պաշտոնական կառույցի ուսումնասիրության արդյունքների մասին:
Մինչդեռ, Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքը հստակ պարտադրում է Հանձնաժողովին իր որոշումները հրապարակել կայքում 5 աշխատանքային օրվա ժամկետում:
Ոչ միայն այս, այլեւ Վանաձորի քաղաքապետի վերաբերյալ նույն օրը կայացրած որոշումները մինչեւ այժմ էլ կայքում տեղադրված չեն:
Մինչդեռ օրենքով դրա համար սահմանված ժամկետն ավարտվել է մայիսի 14-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրենքի այս խախտումը Հանձնաժողովից «Փաստինֆո»-ին մեկնաբանեցին տեխնիկական խնդիրներով:
Ավելորդ չէ հիշել, որ 1.5 տարի առաջ ՀՀ նախագահի հրամանով ստեղծված Հանձնաժողովի գործառույթներն են բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը:
Կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով, Հանձնաժողովի անդամներն ստանում են բավական բարձր աշխատավարձ. անդամները' 600 000, նախագահի տեղեկալը' 640 000, իսկ նախագահը 680 000 դրամ: