Slaq.am. Արդյո՞ք բարձրաստիճան պետական պաշտոնյաների հարազատներն իրավունք ունեն զբաղվելու բիզնեսով… Ակնհայտ է, որ եթե որևէ մեկը պետական բարձր պաշտոնի է հասնում, նրա անձն արդեն գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում և նրա արած ցանկացած քայլ դառնում է լայն քննարկումների առարկա: Այստեղ խնդիր է առաջանում. բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, բարեկամները կամ ընտանիքի անդամները դատապարտված են լինում որևէ բանով չզբաղվելու, քանզի եթե նրանք աշխատում են որևէ պետական համակարգում, ապա արժանանում են քննադատության և հնչում են տեսակետներ, թե նրանց պետական ապարատում աշխատանքի է տեղավորել իրենց բարեկամ բարձրաստիճան պաշտոնյան: Եվ երկրորդ. եթե նրանք զբաղվում են բիզնեսով, ապա քննարկվում է այն թեման, թե բարձրաստիճան տվյալ պաշտոնյան աջակցում է իր բարեկամներին, որդիներին, որպեսզի նրանք հաջողակ լինեն բիզնեսի այս կամ այն բնագավառում:
Արդարության համար պետք է նկատել, որ երկու դեպքում էլ քննադատությունը շատ հաճախ կարող է լինել օբյեկտիվ, քանզի բարձրաստիճան պաշտոնյան հատկապես Հայաստանի պես երկրներում ունենում է իր հարազատներին պաշտպանելու լծակներ: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞րն է ավելի լավ. պետական պաշտոնյան իր բարեկամներին պետական պաշտոնների՞ տեղավորի, թե՞ պետական պաշտոնյաների բարեկամները զբաղվեն բիզնեսով: Ակնհայտ է, որ շատ ավելի դրական է, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, կամ ընդհանրապես' մարդիկ, զբաղվում են բիզնեսով, ստեղծում աշխատատեղեր և վճարում հարկեր: Այստեղ կարևոր չէ' բիզնեսով զբաղվող անձը պաշտոնյայի հարազատն է, թե ոչ: Կարևոր չափանիշն է, որ նա վճարի հարկերը, իր աշխատողների հանդեպ բարեխղճորեն կատարի պարտավորությունները:
Բնական է, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պարագայում ևս նրա եղբորորդիները և հարազատներն իրավունք ունեն և’ պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, և’ բիզնեսով զբաղվել: Ի պատիվ այդ մարդկանց, նրանք ընտրել են երկրորդ ճանապարհը և զբաղվում են բիզնեսով, այլ ոչ թե իրենց հարազատ մարդուն խնդրել են, որպեսզի իրենց տեղավորի բարձր պաշտոնների: Եթե մենք փորձենք ուսումնասիրել բիզնեսի այն ոլորտները, որտեղ Գագիկ Խաչատրյանի հարազատները, բարեկամները կամ որդիները գործունեություն են ծավալում, ապա կարող ենք նկատել, որ այդ բիզնես շրջանակները և’ իրենց հարկերն են հստակ վճարում, և’ իրենց ընտրած բիզնեսի բնագավառում ապահովում են պատշաճ ծառայության մակարդակ, բացի այդ էլ ինչ-որ տեղ նաև նոր ճաշակ և նոր մոտեցումներ են բերում հայկական բիզնես շուկա: Այս պարագայում քննադատել Գագիկ Խաչատրյանին, որ նրա որդիները կամ եղբորորդիները զբաղվում են բիզնեսով, մեղմ ասած, անհասականալի է: Մեր կարծիքով, ավելի ճիշտ կլիներ քննադատել այն պաշտոնյաներին, որոնց որդիներրը կամ հարազատները ոչ թե զբաղվում են բիզնեսով, այլ իրենց բարձրաստիճան պաշտոնյա բարեկամի շնորհիվ տեղավորվում են այս կամ այն պետական պաշտոններին ու սկսում պետության փողերը «լափելով» հարստանալ: Այսինքն' այստեղ ավելի ճիշտ կլինի, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաների որդիները ոչ թե գնան պետական պաշտոնների' թալանելով պետության բյուջեն, այլ զբաղվեն բիզնեսով և վճարեն իրենց հարկերը, զարգացնեն բիզնես մթնոլորտը:
Լինեն Գագիկ Խարատրյանի հարազատները, թե մեկ ուրիշի, եթե չեն վճարում հարկերը, կամ կարողանում են անօրինական քայլերով հարստանալ, ապա պետք է պատժվեն, և պետությունը պետք է հավասար աչքով նայի բիզնեսի բնագավառում աշխատող բոլոր անձանց' այդ թվում և պաշտոնյաների հարազատներին:
Հ.Գ. Եթե այս խոսակցությունները լինեին մի քանի տարի առաջ, ապա հասկանալի կլինեին: Սակայն այսօր, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձևավորել են մի մթնոլորտ, որտեղ բիզնեսի բնագավառում ավելի խիստ վերահսկողության տակ են հայտնվել հենց պետական ապարատում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, այդ խոսակցություններն անհեթեթ են դառնում, քանզի նախագահի հրահանգով, այն մարդիկ, ովքեր կապված են պետական ապարատի հետ և ունեն որոշակի բիզնես, նրանց բիզնեսն օրեցօր ավելի թափանցիկ է դառնում և ավելի հստակորեն են վճարում իրենց հարկերը: Այդ մասին է փաստում հարկատուների ցուցակը, որտեղ վերջին տարիներին նմանատիպ գործիչները հարկատուների ցուցակում բարձրացան ամենավերին սանդղակներ: Ծանոթ լինելով Գագիկ Խաչատրյանի գործունեությանը' կարելի է արձանագրել, որ նա ևս հարկերի հավաքագրման հարցում բավականին խիստ է բոլորի' այդ թվում հենց իր մտերիմների ու շրջապատի անդամների հանդեպ: Ամբողջ համակարգում էլ խոսում են այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի մտերիմներն ավելի խիստ են հարկվում և ավելի անաչառ են այդ մարդկանց նկատմամբ: Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը ևս իր հերթին բոլոր պաշտոնյաներին կոչ էր անում օրինակ վերցնել Գագիկ Խաչատրյանից: