Էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այժմ գտնվում է Միքայելյան վիրաբուժության կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը' Վարդան Սեդրակյանը' հավելելով, որ կամաց-կամաց ապաքինվում է, բայց հիվանդանոցում կմնա այնքան, մինչեւ ապաքինվի: Բժիշկները նախագահի թեկնածուին հիվանդանոցից դուրս գրվելու կոնկրետ օր չեն նշել:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի' Սերժ Սարգսյանի հետ նախագահական նստավայրում հանդիպման գնալուն, նա նշեց, որ իրեն դա ընդհանրապես չի հետաքրքրում, քարոզարշավի սկզբից իր տեսակետը հայտնել է եւ այն չի փոխվել: «Ինքը հանրահավաքում ի՞նչ էր ասել, որ նախագահը պետք է գա Ազատության հրապարակ, որ մինչեւ ժամը 18.00-ը պիտի գա, որ էսօր ժամը 2-ին պետք է գար, բա հետո ի՞նչ եղավ, ինչի՞ ինքը գնաց: Երկու օր առաջ էր ասում, պետք է գա, հանձնի իշխանությունը, ուր է, եկա՞վ, հանձնե՞ց»,- նշեց Սեդրակյանը' հավելելով, որ մնացած քայլերն էլ պիտի սպասել այդ տրամաբանության մեջ:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելը իշխանության հետ կոմպրոմիսի գնալու քայլերից մեկն է, եւ դեռեւս նրա առաջադրման ժամանակ ինքը շեշտել էր, որ ով Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տա, ձայն է տալիս Սերժ Սարգսյանին: Նա կանխատեսեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումը կտանի մարման, ուրիշ մեծ բաներ պետք չէ ակնկալել: «Ինքը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմային, ինտելեկտուալ ռեսուրսը ուներ, ոչ Ստեփան Դեմիրճյանի, մնաց մի քանի օր երեւի, եթե Տեր-Պետրոսյանը մինչեւ մարտի 1-ը ձգեց, ինքը էդքան էլ չի ձգի»,- նշեց նա' շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծ ընդդիմության հերթական ներկայացուցիչն էր:

Նա կանխատեսեց, որ «Ժառանգությունը» կմասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ կստանա ավագանու տեղերի առնվազն 10 տոկոսը: Վարդան Սեդրակյան նշեց, որ տարբեր ճանապարհներ կան, կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար դառնալ, սփյուռքի նախարարության Ամերիկայի հետ կապերի բաժնի վարիչի պաշտոն տան, «Ժառանգությանն» էլ' փոխնախարարների, բաժնի պետերի պաշտոններ տան, բայց ոչ նախարարի:

Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նախագահական նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանից հետո նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց նա կոչ է արել գնալ իրենց գործերին' ասելով, որ դիվանագիտական հանդիպումներ ունի, իսկ նախագահի հետ հանդիպման մասին մանրամասներ կներկայացնի վաղվա հանրահավաքում:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am