Հայ մարդը առաջին հերթին արժանապատիվ կյանքի բացակայությամբ և տնտեսական իրադրությամբ է անհանգստացած: Այս տեսակետն ունի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ինձ համար անակնկալ ձևով ոգևորվում է ժողվուրդը: Մարդիկ մինչ այս մտածում էին, թե կանխորոշված է, այժմ՝ ոչ, զարթնում են»,- ասել է Ր. Հովհաննիսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում:

Նրա խոսքերով՝ թեև մենք հպարտանում ենք մեր մայրաքաղաքով, ձգտում զարգացնել, բայց պետք է կարողանանք նաև մարզերը և հատկապես սահմանամերձ գյուղերը զարգացնել, եթե ոչ՝ մի քանի տարի անց կունենանք ժողովրդական տագնապ: Սահմանամերձ գյուղը, ըստ նախագահի թեկնածուի, պետք է ունենա պետական պաշտպանվածություն: «Ցավոք սրտի, քարոզարշավը քիչ ժամանակով է, և չկարողացա բոլոր գյուղերն այցելել: Գյուղերի մեծ մասը փակված դռներ են, կոտրած պատուհաններ, խոպան գնացած մարդիկ, անծնող հարսանիքներ: Պետք է կարողանանք գյուղերը զարգացնել: Պետք է գյուղացին ունենա պետական հոգածություն՝ պարարտանյութի, թունաքիմիկատների և այլնի մասով, մինչև մենք կարողանանք «Մեյդ ին Արմենիա» մակնիշը տարածել: Պետք է գյուղացին կարողանա արտադրանքն իրացնել, ոչ թե ողորմության գներով, այլ՝ նորմալ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տագնապեցնող է համարել արտագաղթի ցուցանիշը և նշել է, որ եթե արտագաղթը շարունակվի, դարձյալ ՄԱԿ-ում կծածանվի հայկական դրոշը, պարզապես ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ կլինի. «Եվ իզուր է նախագահը սրտնեղում, երբ ես քննադատում եմ արտագաղթի մասով: 200 հազար մարդ է գնացել: Նախագահի փորձաքարը քննություն է՝ 5 տարում երկրից փախչո՞ւմ են, թե՝ գալիս: Իմ ծրագիրը կապահովի վերադարձ: Պետությունը պետք է կոնկրետ քաղաքականություն ունենա վերադարձի ուղղությամբ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է ընտրվելու դեպքում ներդրումները, որ նվազել են 300 տոկոսով, 600 տոկոսով ավելացնել: Աղետի գոտում կարվի 100 միլիոն դոլարի ներդրում. «Եթե ես հանձն եմ առնում «արտագաղթ» բառը 5 տարում տանել պատմական գրքեր, պետք է աղետի գոտի հասկացությունն էլ դառնա գրքային: Այդ ներդրումը թե բնակարանային ֆոնդը կամբողջացնի, և մեկ տարի անց կունենանք վերականգնված գոտի, թե 180 հազար աշխատատեղերը հավասար մասով կբաշխվեն մարզերում՝ հավասար բաժին ունենալով նաև Շիրակում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին բնավեճի է հրավիրել Սերժ Սարգսյանին: Այսօրվա մամուլի ասուլիսում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել է Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ: Այս առիթով Ր. Հովհաննիսյանն ասել է. «Ամեն մեկն իր տեսակետի հիմքն ունի, բայց սուտ վկայությունը քրեորեն պատժելի է: Դատախազությունը պետք է ինձ կանչի հարցաքննության և իմ մրցակցին՝ ևս, և ով մեղավոր է՝ պատժվի»: