Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության հերթական նիստի վերջում իր հրաժարականի մասին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Իր խոսքում արդեն նախկին վարչապետը մի ուշագրավ միտք արտահայտեց՝ «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորութուն տալ Նախագահին»։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։

 

-Տիկին Եսայան, վարչապետի հրաժարականի վերաբերյալ՝ որպես իշխող կուսակցության անդամ, Ձեր կարծիքը կասե՞ք։


-Երբ որ կուսակցության ղեկավարը, կառավարության ղեկավարությունը որոշում են կայացնում, դրանք այլևս քննարկման ենթակա չեն։ Մենք այսօր կուսակցության խորհրդի նիստ ունենք, որի ժամանակ այսպիսի կարևոր հարցը չի կարող շրջանցվել։ Մի քիչ համբերեք, մենք երեկոյան նիստում կքննարկենք, և դուք հաստատ ինֆորմացիայի պակաս չեք ունենա։

 

-Հովիկ Աբրահամյանն այդքան վա՞տն էր, որ մի քանի ամիս էլ չսպասեցիք մինչև ընտրություններ։


-Քաղաքական գործընթացներում լավ ու վատ հասկացությունները մի քիչ հարաբերական են։ Կա քաղաքական պահ, կա քաղաքական իրավիճակ, կա կոնկրետ որոշում կայացնելու ժամանակ։ Եվ եթե Կառավարությունն այս պահին է հարմար գտել իր հրաժարականը ներկայացնել, ուրեմն այս պահին հենց դրա ժամանակն էր։ Դուք գիտեք, որ ոչ մի Կառավարություն հավերժ չէ, մշտական չէ, որևէ պաշտոն ամբողջ կյանքի համար չէ։ Սրանք փոփոխվում են, մարդիկ գալիս գնում են, կադրային փոփոխություններ տեղի են ունենում, իսկ մեզ համար ամենակարևորը երկրում կարևոր փոփոխություններ իրականացնելն է։ Մեր ժողովուրդն այդ փոփոխությունների կարիքն ունի։ Ցանկացած քայլ, որն այսօր արվում է, արվում է լավ փոփոխությունների ակնկալիքով և հեռանկարով։

 

-Վարչապետն իր հրաժարականի խոսքում մի ուշագրավ միտք արտահայտեց՝ «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորութուն տալ Նախագահին»։ Ստացվում է՝ արդեն նախկին վարչապետը Սերժ Սարգսյանին հնարավորություննե՞ր է տալիս։


-Ոչ, ոչ։ Սա շատ բարեկիրթ ձևակերպում է։ Դրանում ոչ մի բան չկա, շատ ճիշտ ձևակերպում է։ Սա նույն թիմի անդամների համատեղ քայլ է։ Որևէ մեկը որևէ մեկին հանրավորություն չի կարող տալ։ Սրանում որևէ ինտրիգ կամ մութ բան փնտրել չարժե։ Սա պետք է ընդունել ի գիտություն։

 

Քրիստինա Աղալարյան