Այսօր համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան։ ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց կապ հաստատել մեքենայի սեփականատիրոջ՝ Աշոտ Կարապետյանի հետ, ով հերքեց տարածված տեղեկությունը և նշեց հետևյալը. «Գագիկ Ծառուկյանի հրահանգով իմ մեքենան չի այրվել, նման բան չի կատարվել։ Չգիտեմ՝ ով է նման ապատեղեկատվություն տարածում, դրանք սուտ տեղեկություններ են, նման բան չկա»։ Նա նշեց, որ ինքը գաղափար չունի, թե ով կարող էր նման բան անել։
«Իմ մեքենան ոչ թե պայթեցվել է, այլ՝ այրվել։ Փորձագետի եզրակացություն կա, որ անվադողերից այրել են։ Ես թշնամիներ էլ չունեմ, որ իմանամ՝ ով կարող էր անել։ Դա արդեն թող ոստիկանությունը պարզի՝ ով է արել ու ինչի համար։ Բայց պետք չի այդ մարդկանց կապել այս թեմայի հետ, իրենք որևէ առնչություն չունեն սրա հետ։ Ես իրենց հետ մտերիմ, բարեկամական, ընկերական հարաբերությունների մեջ եմ, պետք չէ մեր հարաբերությունները փորձել վատացնել։ Ես Գագիկ Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունեմ։ Շատ լավ կլիներ, որ այդ կայքերը, ովքեր տեղյակ չեն իրականությունից, նման բաներ չգրեն։ Գագիկ Ծառուկյանը որևէ պատճառ չունի կամ ես իր հետ որևէ խնդիր չունեմ, որ ինձ նեղացնեն, վախացնեն կամ մեքենաս այրեն»,- հավելեց Աշոտ Կարապետյանը։