Մինչ կառավարության անդամներն ընկած են տագնապների ու կամուկացերի մեջ, թե նորանշանակ վարչապետն իր կողմից ձևավորելիք կառավարությունում ում է թողնելու և ում կրճատելու, հայաստանյան հանրության ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Կարապետյանի վրա, ու փորձում են հասկանալ՝ ինչ կարելի է իրապես ակնկալել նորանշանակ վարչապետից, ինչ են ակնարկում այս ընթացքում նրա հնչեցրած մտքերը:
Երեկ ԱԺ շենքը լքելիս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Կարապետյանի հնչեցրած ուշագրավ մտքերից մեկն էլ այն էր, որ երկրում հաստատվելու են խաղի նոր կանոններ ու հաջողակ բիզնեսները մարդկանց ձեռքից այլևս չեն խլելու:
Առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարությունը, պետք է ասել, իրականում մի շարք խորքային շերտեր է իր մեջ պարունակում: Նախ պետք է ամրագրենք, որ, հավանաբար, առաջին անգամ է նման բարձր պաշտոնյայի շուրթերից հնչում այն իրողությունը ուղղակիորեն հաստատող միքտը, որՀովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին հանրապետությունում գործել են խաղի կանոնների ջունգլիական սկզբունքներ, որոնց համահեղինակներն են եղել ոչ միայն առանձին անհատներ, այլև ողջ իշխանական էլիտան՝ իր հայտնի ու անհայտ դեմքերով:
Հայտարաարությունն այս, ըստ էության, Կարապետյանի գնահատականը կարելի է համարել Աբրահամյանի աշխատելաոճին (հայտնի փաստ է`Աբրահամյանը վերջին տարիներին Հայաստանում ստեղծված կոռուպցիոն բուրգի թիվ մեկ կուռատորն ու հովանավորն է), քանի որ ակնհայտ է, թե ինչ է ակնարկում նա իր այդ նախադասությամբ. հանրապետությունում «ռեկետը» սովորական է դարձել, կենցաղային մակարդակի մի երևույթ, որն էլ հենց ընկած է ՀՀ տնտեսության ներկայիս ծանր վիճակի հիմքում:
Այսպիսով՝ Կարապետյանն անուղղակիորեն մեղադրում է իշխանական ողջ վերնախավին ու, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանին՝ երկիրն այս վիճակին հասցնելու մեջ՝ չմոռանալով, սակայն, ընդգծել, որ այս ամենի հետ մեկտեղ նախկին վարչապետն իր ընկերն է, որ, պարզապես, սխալմամբ ծանր բեռ էր վերցրել իր վրա: Իսկ թե «ծանր բեռ» ասելով Կարապետյանն ինչ նկատի ուներ, քանի որ մի քանի անգամ է կրկնել այդ արտահայտությունը՝ կարծես հավելյալ վերլուծությունների տեղիք, այնուամենայնիվ, տալիս է: Չի բացառվում, որ սա յուրատեսակ «մեսիջ» է՝ ուղղված Աբրահամյանին, թե այլևս չփորձե՛ս ծանրաբեռնել հոգսաշատ կենցաղդ ու ջանաս բարձրացնել մի ծանրություն, որ ֆիզիկապես ընդունակ չես:
Այսպիսով՝ Կարապետյանը երկրում իշխող դարձած վատառողջ մթնոլորտի հիմնական մեղավոր է հայտարարում Հովիկ Աբրահամյանին՝ ներկայիս ողջ իշխանական էլիտայի հետ միասին՝ ընդմիշտ փակելով դռները նրա առաջ (գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Հ.Աբրահամյանի պլաններում չէին մտնում ժամանակից շուտ ակտիվ քաղաքականությունից դուրս գալն, ու մարդը նվիրական նպատակներ ուներ՝ սահմանադրական փոփոխություններից հետո ևս մնալու հայաստանյան քաղաքականության պղտոր ջրերի երեսին):
Ի դեպ, պատահակա՞ն է, թե՞ ոչ, բայց ասում են՝ հիմա Աբահամյանը Դուբայում է գտնվում ու հոգնած ամեն ինչից՝ փորձում է սեփական գլուխը գոնե միառժամանակ ազատել ներքաղաքական խաղերից ու մեկուսանալ՝ հեռու ամեն տեսակ նյարդայնացնող ու տհաճ բաներից (ամենայն հավանականությամբ՝ սեփական անկման մասին մտքերն են նրան տարել արաբստանները…):
Այլևս կարող ենք ամրագրել, որ Սերժ Սարգսյանի պլանը՝ հեռացնել կամա-ակամա իրեն մրցակից դարձած Աբրահամյանին ու ինչ-որ իմաստով սանձել նաև վերջինիս մունետիկը դարձած էլիտաներին, նյութականացվել է, իսկ երկրի տապալման բուն մեղավորը՝ գտնված, խայտառակված. Հովիկ Աբրահամյանն է՝ իր նազիր-վեզիրներով, ով, իր անփառունակ գործունեության արդյունքում այլևս իսպառ այրել է բոլոր կամուրջները՝ տանող դեպի քաղաքական բարձունքներ:
Տեսանյութը՝ armlur.am-ի (դիտել 1.08 րոպեից):
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ