Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:

 

«Դուք գիտեք, որ նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Հիմա կվերադառնա նա քաղաքականություն, թե ոչ, ինքն է որոշելու, ես չեմ կարող որևէ բան ասել»,- ընդգծեց պատգամավորը' հավելելով' «ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, ով երկար ժամանակ ղեկավարել է կուսակցությունը, հիմա նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, և կուսակցության ղեկավարումը ստանձնել է Նաիրա Զոհրաբյանը: Մենք որևէ խնդիր չունենք, մենք պահպանել ենք մեր տարածքային կառույցները, մեր պատգամավորներն իրենց տեղերում են: Բոլոր նրանք, ովքեր լքել են կուսակցությունը, հաջողություն ենք մաղթում իրենց»,- ասաց Մելքումյանը:

 

Լրագրողներին դիմելով Միքայել Մելքումյանն ասաց, որ անգամ մարզեր կան, որտեղ մարդիկ տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից և շարունակում են կուսակցությունը կապել նրա անվան հետ: