Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանում թափ առած գրեթե դարակազմիկ իրադարձություններով, հաճախ է խոսվում մեր երկրում սպասվող արմատական փոփոխությունների, նոր սկզբի մասին, ինչը հասարակության լայն մասսաների համար միգուցեև խիստ աբստրակտ մի բան թվա՝ պայմանավորված այն ռեալներով, որոնցում բավական տևական ժամանակ է, ինչ մեր հանրությունն ապրում է:

 

Հայաստանյան քաղաքական դաշտում ծավալվող պրոցեսները, որոնց մեծամասնությունն, անխոս, նախապես տեղի ունեցած ստվերային, չերևացող գործընթացների արդյունք են, ներկայումս թևակոխել են մի այնպիսի շրջափուլ, երբ անգամ քաղաքականությունից հեռու մարդու համար է պարզ դարձել՝ խաղի համընդհանուր կանոններն այլևս փոխվում են, Հայաստանում հետզհետե հաստատվում է շատ ավելի բարդ ու խճճված քաղաքական իրավիճակ, քան կարելի էր նույնիսկ ակնկալել:


Վերջին շրջանում, տարօրինակ է, թե՝ միանգամայն օրինաչափ, խիստ ակտիվացել են խոսակցությունները Վանո Սիրադեղյանի անձի շուրջ. ոմանք սկսել են նույնիսկ խնդրագրեր, նամակներ հղել Սերժ Սարգսյանին՝ չհապաղել ու արագորեն Հայաստան հրավիրել Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկին:

 

Կարծում ենք՝ առանձնապես հզոր մտավոր կարողությունների տեր լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ այդ, այսպես ասած, նախաձեռնությունները, չեն կարող ինչ-որ մեկի պարզ կամարտահայտման արգասիք լինել, այլ հանդիսանում են կոնկրետ տեղից ու կոնկրետ նպատակով կազմակերպված ակտ, որի բուն նպատակը Վանո Սիրադեղյանին քաղաքականություն վերադարձնելն է՝ անհավանական թվացող մի բան, որը, սակայն, կարող է իրականություն դառնալ ամենևին էլ ոչ հեռավոր ապագայում:


Բայց, եթե դա, իրոք, այդպես է, այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք Սիրադեղյանը քաղաքականության մեջ կամ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել նրա վերադարձը հայրենիք: Այս հարցին պատասխան տալու համար պետք է հաշվի առնել մեկ բան. առանց Սերժ Սարգսյանի Հայաստանում «ճանճն անգամ չի տզզում»: Ուրեմն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Սիրադեղյանին Հայաստան բերելու մասին խնդրագրերի նախաձեռնողը հենց Բաղրամյան 26-ն է, որ նպատակ ունի ապահովագրել սեփական իշխանությունը նաև առաջիկայում. Սիրադեղյանի վերադարձը Հայաստան կուժեղացնի առաջին նախագահի դիրքերը Հայաստանում, որն, ինչպես հայտնի է, խաղում է Սարգսյանի հետ ընդդեմ Քոչարյանի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Վանոն հզոր լծակ կդառնա Սերժ Սարգսյանի ձեռքին՝ կանխելու Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը: Բանն այն է, որ Սարգսյանը՝ լինելով խիստ փորձված ու քաղաքական հոտառությամբ օժտված գործիչ, շատ լավ հասկանում է, որ Կարեն Կարապետյանի՝ քաղաքական դաշտ մտնելուն զուգահեռ երկրում սկիզբ են առել կոնկրետ գործընթացներ, որոնց նկատմամբ վերահսկողության թուլացումը կարող է հղի լինել խիստ անկանխատեսելի հետևանքներով նախևառաջ սեփական իշխանության ու ունեցած լծակների առումով՝ վերջնաարդյունքում գուցեև հանգեցնելով Քոչարյանի դիրքերի ամրապնդմանն երկրում (Արմեն Գևորգյանի ու Ալեքսան Հարությունյանի ակտիվացումն ամենևին էլ պատահական չէ…): Առաջին հայացքից հակառակորդներ թվացող Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ներկայիս իրողությունների պայմաններում միմյանց համար ձեռք են բերում խիստ կարևոր նշանակություն՝ պայմանավորվելով իրար սատար կանգնել՝ ինչ էլ լինի՝ մի բան, որի մասին կոնկրետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս ապրիլյան պատերազմի օրերին, երբ Տեր-Պետրոսյանը շատ կոնկրետ բարեկամական ժեստ արեց Սերժ Սարգսյանի նկատմամբ:

 

Այնպես որ՝ այն պնդումը, թե քաղաքականության մեջ կամ քաղաքական դեմքերի հետ՝ հին, թե նոր, տեղի ունեցող ոչինչ պատահական չէ, այնքան էլ մտացածին չէ. այնտեղ, ուր արծարծվում են մեծ փողերի ու իշխանության թեմաները, կամայական ոչինչ չի հանդուրժվում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ