Տարածաշրջանում պատերազմի առկայությունը Ռուսաստանի շահերից չի բխում: Պատերազմի դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը, նրա փոխարեն դիրքերն ուժեղացնում է Թուրքիան կամ այլ պետություն: Այս մասին մամուլի ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ռուսաստանն ուշադիր հետևում է զարգացումներին և պատահական չէ, որ ապրիլյան գործողությունների ժամանակ առաջինն էր, որը նախագահի մակարդակով արձագանքեց և ամեն ինչ արեց, որ կանխի պատերազմը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ դաշնակից երկրից ձեռք բերած հզոր զինատեսակները չօգտագործվեցին' Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այդ ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը հարցին բավական պատասխանատւ մոտեցավ: Եթե սխալ թույլ տրվեր, հայկական բանակը զորք մտցներ Ղարաբաղ, հայտարարեր զորահավաք, ապա, ըստ Վաղարշակ Հարությունյանի, Ադրբեջանը նույնը կաներ, և դա կհանգեցներ լայնածավալ պատերազմի:
«Արդյունքում եղավ այն, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց, իսկ մենք շահեցինք: Նախ՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ իր միջազգային պարտավորությունները չի կատարում: Երկրորդ՝ նա տարիներ շարունակ մեծ գումարներ է ուղղում բանակին, որպեսզի հասնի նպատակին, սակայն այդ չորս օրվա ընթացքում երևաց, որ այդ փողերն անիմաստ են ծախսվել, ինքը նույնիսկ չի կարող մի բնակավայր վերցնել: Այդ ամենը մեծ վնաս հասցրեց Ադրբեջանի հեղինակությանը: Նրանց պաշտպանության նախարարն Ալիևին ասում էր՝ պարո՛ն նախագահ, ինձ հրաման տվե՛ք, և ես երկու օրում կազատեմ Ղարաբաղը, բա ի՞նչ եղավ: Ապրիլյան դեպքերից հետո, բոլոր գերտերությունները հաշվի կառնեն այն, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,-ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե 200 մլն ԱՄՆ դոլար վարկի դիմաց ռուսական զենքի մատակարարումը չի իրականացվում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ այն, ինչ ռուսական բանակի պահուստներից է, տրվել է, այն ինչ պետք է պատվիրվի, դրա համար ժամանակ է պահանջվում:
«Ռուսաստանն ունի ծրագիր, որի շրջանակում իր սպառազինությունը 70 տոկոսով պետք է վերանորոգվի ու փոխվի: Առանց այն էլ իրենք չեն տեղավորվում այդ գործի ժամկետների մեջ, և այդ պարագայում մտնում է Հայաստանը՝ իր պատվերով: Շատ բնական է, որ զինատեսակներն արտադրելու և փոխանցելու համար ժամանակ է պետք: Այնպես որ, ես այդ հարցը շահարկելն անիմաստ եմ համարում»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը: