Ադրբեջանը լայնածավալ պատերազմ վերսկսվելու ոչ ռազմական, ոչ քաղաքական ռեսուրսներ չունի: Տարածաշրջանում միակ երկիրը, որի շահերից բխում է պատերազմի վերսկսումը, Թուրքիան է: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանությա ն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 

«Երբ գնահատում ենք պատերազմի հավանականությունը, ապա պետք է հաշվի առնենք մի կարևոր բան: Ինչպես գիտենք, Ադրբեջանը վերջին 6-7 տարիների ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել բանակը հզորացնելու համար: Հայտնի է, որ Ադրբեջանի բյուջեի առյուծի բաժինը կազմվում է նավթային դոլարներից: Ի՞նչ է տեղի ունեցել. Ադրբեջանի տնտեսական ռազմական պիկն անցել է: Նա ստիպված կրճատել է ծախսերը, ռազմական բյուջեն կրճատել է 3 անգամ: Ադրբեջանը տեխնիկա է վերցրել ու պետք է այն սպասարկի, բայց այդ աշխատանքը մեծ ծախսեր են պահանջում, իսկ այդ գումարն արդեն չունի, որովհետև նավթի գինն ընկել է, նավթային պաշարներն էլ նվազում են»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

 

Նա նշեց, որ ապրիլյան գործողություների դրդապատճառներից մեկն էլ հենց դա էր, ֆինանսական ռեսուրսների կրճատումը: Ադրբեջանը պատերազմով փորձում էր արագ լուծել խնդիրը, ինչը չհաջողվեց և շտապեց Մոսկվա' խնդրելու միջամտություն կրակը դադարեցնելու համար:

 

«Դրա համար, հասկանալով, որ ռազմական լայնածավալ գործողությունների ռեսուրս չունի, Ադրբեջանը դիմում է դիվերսիոն գործողությունների հայ հասարակությանը թուլացնելու համար: Հետևաբար մարտունակ, հզոր բանակ ունենալը մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքն է»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը: