Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք այս պատերազմը հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներով, որոնք կամավորագրվում են և ցանկանում են կամավորագրվել: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցավակցել մեր զոհվածների համար»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահն, անդրադառնալով դիրքեր վերցնելու և դիրքեր տալու մասին տեղեկություններին, նշեց, որ ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում:
«Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ համատարած պատերազմ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինուժն օգտագործում է և շարունակում է օգտագործել: Առաջնագծում մի քանի հարյուր տեխնիկա է հաշվվում: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը: