ԼՈՒՐԵՐ.com-ն ահազանգեր է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տնօրեն Սուսաննա Պետոյանն աշակերտներից գումար է հավաքել։ Ըստ այդ նույն ահազանգերի՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորեղբոր աղջիկը, ով դպրոցի տնօրենն է, Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո երեխաներից 1000-ական դրամ է հավաքել՝ դպրոցը կարգի բերելու համար։ Այսինքն՝ դպրոցում արձանագրվել է դրամահավաքության դեպք։ Սակայն, մեկ ուշագրավ հանգամանք ևս կա: Արթիկում հայտարարել էին, թե իբր դպրոցը ջրհեղեղի հետևանքներից մաքրելու գործը ստանձնել է Արթիկի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը։

 

Նշվածի առնչությամբ կապ հաստատեցինք Արթիկի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Պետոյանի հետ։

 

-Տիկին Պետոյան, ձեր դպրոցից մեր խմբագրություն ահազանգել են, որ Դուք աշակերտներից 1000-ական դրամ եք հավաքել՝ ջրհեղեղի հետևանքով դպրոցին հասցված վնասները վերացնելու նպատակով։ 


-Աղջիկ ջան, ոչ մի երեխայից գումար չի հավաքվել։ Դպրոցի վերանորոգումը կատարվել է եղբորս՝ Մուշեղ Պետոյանի անձնական միջոցների հաշվին։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ամբողջ հրապարակը հեղեղվել էր ու չէր վերանորոգվում, սպորտային ժամերը չէինք կարողանում կազմակերպել, վերջում եղբայրս՝ Պետոյան Մուշեղը, բերեց ամբողջ հրապարակը սարքեց։ Դա բավական մեծ գումար արժեր։ 20 «Կամազ» հող են տարել հրապարակից, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան փող էր պետք դրա համար։ Ես կարո՞ղ էի այդքան փողը դպրոցի երեխաների հաշվին գրել։ Ես խնդրում եմ՝ ինձ ասեք, թե ով է ահազանգել։ Ինչքա՞ն կարելի է այդպես շարունակել աշխատել։

 

-Ծնողները դժգոհում էին, որ երեխաների հաշվին է վերանորոգվել դպրոցը, սակայն, Դուք դա ներկայացնում եք որպես Ձեր եղբոր միջոցներով արված գործ։


-Ես աշխատում եմ իմ ծանոթների հաշվին կազմակերպել ամեն ինչ։ Իշխանական ոչ մի.... Հիմա եկեք դպրոց, խնդրում եմ հարցրեք՝ ջրագիծը տրաքել էր, իմ ծանոթությունների հաշվին սարքել եմ տվել, առանց որևէ դրամի։ Եթե դուք գտնեք մի տեղ, որտեղ գումար է հավաքվել, դրամահավաք եմ արել... ախր չի կարելի էլի։ Վնասները վերականգնվում են իմ անձնական ծանոթությունների հաշվին, ոչ թե՝ դպրոցի երեխաների։ Իսկ գումարները, որոնք տետրերի ու գրքերի համար ենք հավաքում, բոլորովին դպրոցի վերանորոգմանը չեն ծառայում։


-Ներողություն, ի՞նչ տետրերի ու գրքերի մասին է խոսքը։


-Գիտեք, տետրերը, որոնք նախարարության կողմից նախատեսված են դպրոցներում օգտագործման համար։

 

-Հատուկ տետրերի մասի՞ն է խոսքը։


-Այո, հատուկ տետրերի մասին է խոսքը։

 

-Եվ դրանց համար գումա՞ր եք հավաքում։


-Այո։ Աշակերտն է դա օգտագործում։ Դրանք տալիս է կրթության վարչությունը։ Խնդրեմ՝ դուք կարող եք զանգել Սամվելին ու հարցնել՝ նախարարությունը դրանք անվճար տալի՞ս է, թե՞՝ ոչ։

 

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ օրենքո՞վ է դա կատարվում։ Ո՞վ է Սամվելը։


-Իհարկե։ Առանց օրենքի ես որևէ դրամ որևէ երեխայից չեմ հավաքում։ Մենք իրենց մոտ գրանցված ենք։ Դուք կարող եք ստուգել Մարտիրոսյան Սամվելի խանութում։ Ես վերցրել եմ տետրերը և դրա հաշիվը պետք է ծնողները հավաքեն, որ ես տանեմ մուծեմ։ Ես խնդրում եմ՝ գնացեք, ստուգեք։ Իսկ մնացածը կարող եք գալ դպրոցում ճշտել, թե ես ինչ միջոցներով եմ կատարում աշխատանքները։

 

Տնօրենի խոսքից պարզվեց, որ դպրոցում, այնուամենայնիվ, դրամահավաք կազմակերպվել է։ Երեխաներին պարտադրել են ինչ-որ հատուկ տետրեր գնել, որոնք տնօրենն անում է գավառական մեթոդով։

 

Կապ հաստատեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, ով մեզ փոխանցեց հետևյալը. «Հիմնական դպրոցում ընդհանրապես պարտադիր տետր հասկացություն չկա։ Ավագում մի քիչ պրոբլեմ կա այն առումով, որ լավ տետրեր կան, որոնք ամբողջ տարին իրենք կարողանում են օգտագործել, իրենց շատ պետք է գալիս նույնիսկ ընդունելության քննությունների ժամանակ՝ որպես տեստեր։ Դրանք հատուկ մեթոդաբանությամբ վարժ կազմված տետրեր են, որոնք ուսուցիչները չեն կարող կազմել։ Շատ հաճախ ծնողների հետ համաձայնեցվում է և ամբողջ տարվա համար դրանք գնում են։ Բայց ասում եմ՝ դա պարտադիր չէ։ Պարտադրանք հասկացություն, բացի դասագրքից, դպրոցում ոչ մի բան գոյություն չունի։ Ծնողների համաձայնությամբ որոշ բաներ գնվում են։ Օրինակ, դասվարներ կան, որոնք իրենցից հնարում են, որ շատ լավ կլինի նման տետրեր էլ լինեն։ Ծնողներն էլ եթե գնում են, մենք այդտեղ բան չունենք ասելու։ Այս ամենը պարտադրանք չէ, էլի եմ կրկնում»,- պարզաբանեց Նարինե Հովհաննիսյանը։

 

Դիտարկմանը՝ դպրոցի տնօրենը կա՛մ լրատվամիջոցին խաբում է, կա՛մ օրենքից տեղյակ չէ, կամ էլ զբաղվում է անօրինական դրամահավաքով, Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Զանգեք այդ դպրոցի տնօրենին, փոխանցեք, որ տիկին Հովհաննիսյանն ասում է՝ պարտադրանք տետր հասկացություն գոյություն չունի։ Իմ բառերը փոխանցեք նրան։ Պետք է հասկանալ, թե ինչ են անում, չի կարելի։ Եթե պարտադրանք լիներ, մի հատ գրություն կգրեինք, բայց մենք միայն դասագրքերի շրջաբերական ենք արել ու նախարարի հրաման, ուրիշ այլ թուղթ իր ձեռքը չենք տվել։ Ինչպե՞ս է լինում, որ էսօր զանգես մի բան ասես՝ արա, կասի՝ թուղթ տվեք, որ անեմ։ Հիմա հանկարծ, առանց մեր շրջաբերականի, ինքը որոշել է տե՞տր առնել։ Պարտադրանքը բանավոր չի լինում, այն անպայման գրավոր է լինում։ Թող թուղթ տա, որ մենք իրեն դա պարտադրել ենք։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան անել»։

 

Հանրակրթության վարչության պետը շեշտեց. «Դա շատ անօրինական է, խնդրում եմ՝ արագ արգելեք դա։ Չի կարելի։ Կտրուկ ասում եմ»։


Վերջում մեկ նկատառում անենք։ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց «իսկ գումարները, որոնք տետրերի ու գրքերի համար ենք հավաքում, բոլորովին դպրոցի վերանորոգմանը չեն ծառայում»։ Սա ինքնին խոսում է այն բանի մասին, որ ինչ-որ պարտադիր տետրեր գնելու համար աշակերտների ծնողներից հավաքված գումարն ուղղվել է հենց դպրոցի վերանորոգման աշխատանքներին, ու դա ներկայացվել է որպես Մուշեղ Պետոյանի կողմից արված բարեգործություն։


Քրիստինա Ա.