Հայաստանում կառավարության վերջնական կազմի ձևավորման շուրջ դեռևս ընթացող գործընթացներով պայմանավորված՝ հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունը շարունակում է բևեռված մնալ այն հարցի վրա, թե ովքեր են մաս կազմելու ապագա կառավարությանն ու ովքեր են ստիպված լինելու հեռանալ: Ինտրիգը հատկապես սուր է տնտեսական բլոկին չպատկանող նախարարությունների հետագային առնչվող պրոցեսների շուրջ, որ խոստանում են բավական հետաքրքրաշարժ լինել՝ կապված այն նոր իրավիճակի հետ, որ ներկայումս ստեղծվել է երկրում:

 

Մասնավորապես՝ հարցը, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ ՊՆ նախարարը, կարծես գտել է իր պատասխանն, ու ըստ ակտիվորեն շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվելու այդ պաշտոնում: Փոխարենն, ըստ նույն այդ լուրերի, Սերժ Սարգսյանն այդ պաշտոնին կնշանակի իր մտերիմներից Վիգեն Սարգսյանին, ով, ի դեպ, ավանդաբար համարվում է նաև արևմտյան ազդեցության տակ գտնվող գործիչ:


Երբ երկրի վարչապետի պաշտոնում նշանակվեց Մոսկվայի «մարդը» համարվող Կարեն Կարապետյանը, շատերը սկսեցին խոսել այն մասին, որ այդ նշանակումը կարող է իրականում թանկ արժենալ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով  իրական վտանգ՝ ժամանակի ընթացքում անգլիական թագուհու կարգավիճակում հայտնվելու:

 

Բայց չանցած երկար ժամանակ՝ պարզ դարձավ, որ նմանատիպ խոսակցությունները լոկ ֆանտազիայի արդյունք էին, իսկ Կարապետյանի նշանակումն այնքան էլ ուղիղ համեմատական չէ Սերժ Սարգսյանի՝ երկրի ներսում ունեցած ազդեցության հնարավոր թուլացմանը. կարևորագույն պետական գերատեսչություններն՝ ուժայինները, որոնց՝ երկրի ներքին կյանքում ունեցած հսկայական ազդեցության ու դերի մասին տեղյակ են բոլորը, փաստացի մնում են Սերժ Սարգսյանի անմիջական ազդեցության տակ՝ այդպիսով վերածվելով կարևորագույն լծակների, որ օգնելու են Սերժ Սարգսյանին սեփական բռունցքում պահել երկրի կառավարման թելերը. չպետք է մոռանալ, որ մեծամասնություն կազմող «Հանրապետականը» ևս Սարգսյանինն է՝ հանդիսանալով կարևորագույն քաղաքական ռեսուրս, որի վրա հենվելով՝ նախագահը կարող է ի կատար ածել իր մտահղացումներն ու քաղաքական նպատակները:


Փաստացի ստացվում է, որ Կարապետյանին հանձվում է ընդամենը տնտեսական բլոկը, որ, անկեղծ լինենք, այնքան էլ քաղցր պատառ կարող է և չլինել վերջինիս համար, քանի որ տնտեսության վիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց Կարապետյանի ուսերին՝ իր համար դրանից բխող գուցեև խիստ անցանկալի հետևանքներով հանդերձ (այսուհետ ցանկացած տնտեսական ձախողում կապվելու է հենց Կարապետյանի անվան հետ, ինչը, բնականաբար, սասանելու է նրա դիրքերն ու պարարտ հող ստեղծելու հավանական ճնշումների համար):


Այնպես որ՝ կարելի է ասել՝ Կարապետյանն այնքան էլ անձեռնմխելի չէ, որքան էլ կարող է հեռվից թվալ, քանի որ նրա կողմից համապատասխան արդյունքներ չապահովելու պարագայում Սերժ Սարգսյանը հաստատ հարմար առիթ կունենա՝ նրան պաշտոնաթող անելու ու վերջապես բոլորին փաստելու, որ ամենևին էլ իրենով չեն պայմանավորված տնտեսական այն խնդիրները, որոնց պատճառով երկիրը հասել է այս օրին. անկախ այն հանգամանքից, թե Կարապետյանն ում մարդն է՝ Ռուսաստանի, թե ասենք Բուրկինա Ֆասոյի, անվիճելի է՝ կոնկրետ արդյունքներ չապահովելու պարագայում ենթակա է լինելու հեռացման:


Իհարկե, կարծել, թե Հայաստանի տնտեսության իրական ու շոշափելի զարգացումն այս պարագայում կարող է բխել բացառապես Կարապետյանի շահերից, սխալ կլինի, քանի որ գոնե այս փուլում նույն այդ զարգացումը կամ գոնե նման հեռանկարը բխում է նաև Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակներից. շուտով ընտրություններ են, իսկ ընտրություններին գնալ նման տնտեսական ցուցանիշներով «Հանրապետականի» համար կնշանակի բարդացնել սեփական վերարտադրության պրոցեսը. ժողովրդին ցույց տալու բան է պետք, իսկ դա կարող է ապահովել Կարեն Կարապետյանը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ