Թուրքիայի նախագահին 2015-ին Հայաստան հրավիրելը Սերժ Սարգսյանի կողմից PR քայլ էր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Եթե Թուրքիայի նախագահն ընդունի հրավերը և գա Հայաստան, ապա դա հնարավորություն կտա գործող նախագահին բավականին մեծ PR անցկացնելու' ցույց տալու, որ իր նախաձեռնողական քաղաքականությունը ճիշտ էր, որ իրեն քննադատողները սխալվում էին, երբ ասում էին, թե Թուրքիայի նախագահին հրավիրելը, ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնելը սխալ է:
Թուրքիայի նախագահի այցը հնարավորություն կտա հանդիպելու մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնք այդ առթիվ հնարավոր է գան Հայաստան, այդ ընթացքում կլինենք միջազգային լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում»,- ասաց Բադալյանը:
Հարցին, թե բացի Սերժ Սարգսյանի PR-ից, Թուրքիայի նախագահի այցն ի՞նչ կտա Հայաստանին, Բադալյանն ասաց. «Ոչինչ, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կբացի սահմանը միայն այն դեպքում, երբ Հայաստանի զորքերը դուրս կգան միջազգային կառույցների կողմից Ադրբեջանինը ճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքներից կամ գոնե հարակից շրջաններից:
Դա է Թուրքիայի պահանջը: Արևմուտքը վերջին 20-25 տարում փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ առանց այդ նախապայմանների բացի սահմանը, բայց, ինչպես ցույց տվեց 25 տարվա պատմությունը, Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող ես ճնշումով ինչ-որ մի բան պարտադրել»:
Փորձագետի խոսքով' Թուրքիայի նախագահի այցը չի բերելու հայ-թուրքական սահմանների բացմանը, եթե տեղի չունենա Ղարաբաղի հարցով Թուրքիայի համար ցանկալի առաջընթաց և այցը չի հանգեցնելու նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
«Այսինքն' որևէ այլ կետում այդ այցը Հայաստանի համար առաջընթաց չի բերելու: Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, եթե նկատել եք արևմտյան գործիչներն այլևս Հայաստան չեն գալիս, այլ գնում են Ադրբեջան' էներգետիկայի հարցով, կամ Վրաստան' ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար, և Հայաստան գրեթե չեն գալիս:
Այսպիսով' արևմտյան գործիչների բացը փորձ է արվում լրացնել այդ հրավերով»,- ասաց Բադալյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին հանձնաժողովի նախագահ և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել էր.
«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար' Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել' ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: