Ի՞նչը ստիպեց Մաքսային միություն մտնել, արդյոք այս ամենը տեղի չունեցա՞վ ճնշումների ազդեցությամբ: Այս թեմայի շուրջ Լրագիր.am-ը զրուցել է քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ: Վերջինիս դիտարկմամբ`Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի այս որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության բնականոն ընթացքը այս քայլով խախտվեց: Պատճառներն ավելի խորքային էին. խնդիրը պարզապես ասոցացման պայմանագրից հրաժարվելը չէր: Քաղաքագետն այն տեսակետն է հայտնել, թե ճիշտ կլիներ հարցը դնել հանրային քննարկման, որովհետև արդյունքում կլինեին կողմ և դեմ կարծիքներ, և Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենար ԵՄ-ին ներկայացնելու, որ հանրությունը դեռ պատրաստ չէ:
«Իմ կարծիկով, այդ իրադրությունը և Սերժ Սարգսյանի կատարած քայլը կապ ունի Արցախյան հակամարտության կարգավորման հետ: Արցախի հարցի և ՄՄ մտնելու որոշման միջև ևս կապ եմ տեսնում»,- ասել է Ղուկասյանը:
Նա հնարավոր է համարում, որ Հայաստանը միակողմանի զիջումների կարող է գնալ: Հիշեցնելով այն մասին, որ Թուրքիան պայման է դրել առնվազն երկու շրջան հանձնել, իսկ 2014-ին լրանում է քսան տարին, ինչ հակամարտությունը գտնվում է սառեցված վիճակում, և այդ զինադադարի գիծն առ այսօր պաշտպանված չէ միջազգային զորքերով, և այստեղ կարելի է որպես կանխատեսում բացատրել, որ Սերժ Սարգսյանն առաջարկ է արել ՀԱՊԿ-ի զորքը Ղարաբաղում օգտագործել խաղաղարար նպատակով, նագահի նախկին թեկանծուի դիտարկմամբ ՄՄ մտնելու որոշումը դառնում է դրա տրամաբանական հետևանքը, որովհետև դրանով լուծվում է երկու հարց, առաջինը՝ Հայաստանը ասոցացվում է Ռուսաստանի հետ, երկրորդ՝ ստեղծվում է հնարավորություն հայ-թուրքական սահմանը բացելու համար:
Եվ, ամենակարևորը, այստեղ Արցախը հայտնվում է մի իրադրության մեջ, երբ Արցախի և Ադրբեջանի միջև կանգնում են ռուսական զորքերը, իսկ Արցախի և Հայաստանի միջև դրված է Մաքսային Միության մաքսակետ, այսինքն՝ Արցախի բոլոր մուտքերը և ելքերը անցնում է Ռուսաստանի վերահսկողության տակ:
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար տեղի ունեցած իրադարձությունն անակնկալ չէր, բայց դա անկնկալ էր եվրոպացիների համար: Ըստ իս՝ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը նպատակ ուներ հարթել այն իրադրությունը, որ Ֆրանսիայի հետևում ինչ-որ մի բան է կատարվել, որտեղ ըստ էության խախտվել են միջազգային դիվանագիտական հարաբերությունների կանոնները»:
Այն հարցին, թե հանրությունը մեծ հաշվով չի գիտակցում, որ իրենից է կախված փոփոխությունների հնարավորությունը, արտաքին քաղաքականության դեպքում կարծես իրեն մասնակից չի համարում, բանախոսն ասել է, որ հանրությունը առհասարակ շատ քիչ է տեղեկացված այդ գործընթացներից, թե քսան տարի ինչ է կատարվել Մինսկի խմբում, հայ-թուրքական արձանագրությունների մասին հանրությունը իմացավ այն ժամանակ, երբ արձանագրությունները նախաստորագրվեցին, Ասոցացման պայմանագիրը 3.5 տարի փակ քննարկեցին, բայց հանրությունն այդպես էլ տեղյակ չէր՝ ինչ էր առաջարկում ԵՄ-ն և որ հանրությունը պետք է ինքնուրույն հասկանա՝ որն է երկրի զարգացման ճանապարհը և կարողանա կրիմինալ ռեժիմին թույլ չտալ սակարկել ազգային շահերը։ Քաղաքացիական հանրությունից է կախված Հայաստանի հետագա ճակատագիրը։