Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, խոսակցություններն այն մասին, որ շուտով ականատես ենք դառնալու Հայաստանի, այսպես ասած, լիակատար ռուսիֆիկացմանն, աննախադեպ կերպով սկսեցին ակտիվանալ: Վերլուծաբանների բացարձակ մեծամասնությունը կարծիք էր հայտնում, որ Կարապետյանի թիվ մեկ խնդիրը դառնալու է Հայաստանը, պատկերավոր ասած, արտաքին՝ արևմտյան աշխարհից կտրելն ու այն ընդմիշտ ու անվերադարձ հիմունքներով Ռուսաստանի կցորդը դարձնելը, ինչի համար էլ, խոշոր հաշվով, ՌԴ կադրը համարվող Կարապետյանը նշանակվել էր Հայաստանի վարչապետ: Այն ժամանակ թվում էր, թե նման կարծիքներն ամենևին էլ չէին կարող լինել զերծ ճշմարտությունից, ու դրանցում առկա է ռացիոնալիզմի համապատասխան չափաբաժին, մանավանդ, որ ակնհայտ էր՝ հայաստանյան ներքին զարգացումները տեղի էին ունենում աշխարհաքաղաքական գերլարված պայմաններում, երբ համաշխարհային երկու կարևորագույն ուժային կենտրոնները միմյանց դեմ կենաց–մահու պայքար էին մղում՝ երկրագնդի այս կամ այն տարածաշրջանում հաստատվելու համար:

 

Պարզվում է, սակայն, որ այսօրինակ գնահատականները, չնայած իրենց ճշմարտանմանությանը, հեռու են իրական լինելուց, քանի որ դատելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից ու դրանց ընդհանուր տրամաբանությունից՝ արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել, որ Կարապետյանի մտահորիզոնն ու պլանները շատ ավելի լայն են, քան կարող էր թվալ առաջին հայացքից:

 

Ինչպես հայտնի է, օրերս վարչապետը հյուրընկալել էր ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: Իսկ բանակցությունների թեման ֆրանսիական ընկերության ու Հայաստանի միջև փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող ասպեկտների ու համապարփակ խնդիրների քննարկումն էր։ Կարապետյանն իր օտարերկրյա հյուրերի հետ խոսելիս էապես կարևորել էր ֆրանսիական կապիտալի ներհոսքը հայաստանյան տնտեսություն՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով անել ամեն հնարավորն ու անհնարինը՝ ներդրումային բարենպաստ դաշտ ապահովելու արևմտյան կապիտալի համար Հայաստանում:

 

Իսկ, ահա, սեպտեմբերի 30-ին էլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն, ընդունելով «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից կազմված պատվիրակությանը, միանգամայն հավանական էր համարել փոխգործակցությունը հատկապես «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի հետ, որը, ինչպես պարզ է դառնում, կոմնակից է «Նաիրիտի» ամբողջական վերագործարկմանն՝ ի տարբերություն ռուսական ընկերությունների, որոնք գործարանի մասնակի վերագործարկման կողմնակիցներ են:

 

Եվ ուրեմն՝ ի՞նչ է այս ամենից հետևում: Վստահաբար կարող ենք պնդել, որ Կարապետյանը, որպես իր թիվ մեկ պարտականություն վարչապետի պաշտոնում, դիտարկում է Հայատանում ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ձևավորումն ու երկրի բաց լինելը ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային կապիտալի առաջ՝ համարելով սա միակ գործուն միջոցը լճացած ու վաղուց մամռակալած տնտեսությունը ճահճից դուրս բերելու համար: Ասել կուզի՝ Կարապետյանի համար փողն աշխարհաքաղաքականություն չի ճանաչոմ, կապիտալը չի ենթակվում քաղաքական օրենքներին:

 

Անկասկած է՝ ճիշտ բանաձևերի կիրառման պարագայում երկրի տնտեսության աշխուժացման հարցը կարելի կլինի լուծել ամենևին էլ ոչ երկարաժամկետ հեռանկարում, քանի որ համաշխարհային հանրությունը երբեք էլ չի թաքցրել, որ պատրաստ է Հայաստանում համապատասխան կապիտալի ներդրումներ անել, եթե, իհարկե, կառավարության կողմից լինեն հստակ երաշխիքներ ու ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ բիզնես ծավալելու ու աշխատելու. ուղղությունը, կարծես, ճիշտ է ընտրված…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ