ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա կապակցությամբ։
Հարգելի՛ ուսուցիչներ,
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով: Շնորհավորում եմ նաև աշակերտներին' սիրելի´ դպրոցականներ, դուք պետք է հպարտանաք ձեր ուսուցիչներով, այդ իսկ պատճառով՝ ուսուցչի օրը տոնական է նաև ձեզ համար:
Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ: Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի՝ առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:
Առանց վարանելու կարող եմ ձեւակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են եւ նվիրյալ հայրենասերներ: Արցախյան պատերազմի ծանր օրերին ուսուցիչները ցերեկը դասավանդում էին, սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գիր, գրականություն էին սովորեցնում, իսկ գիշերները, զենքը ձեռքին, մեր կողքին մասնակցում էին ռազմական գործողությունների: Այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին եւս մանկավարժները շատ ակտիվ էին: Վստահ եղեք՝ թշնամու նկատմամբ տարած հաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը: Ուսուցիչների' երկրապահ կարգավիճակն ամրագրվեց 2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված եռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եք պատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ պաշտպանված Արցախի համար:
Այնպես որ' հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն, տոկունություն, եռանդ, երջանկություն եւ հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվեր աշխատանքում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան