ԵԿՄ և Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար' Զորավարի գավաթ: Այս տարի խաղարկությանը մասնակցեցին մայրաքաղաքի և Հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: Այսօր կայացած 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երևանի «Փյունիկը», որը եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց «Մերձավանին»:
Էջմիածնի քաղաքապետարանը նաև տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել' առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան և լավագույն հարձակվող: Հատուկ մրցանակի արժանացավ նաև մրցաշարի լավագույն գոլի հեղինակը:
Էջմիածնի քաղաքապետարանը ոչ միայն մրցաշարի համակազմակերպիչ էր, այլև' հովանավոր: Հովանավորներից էին նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն ու «Արփինետ» ՍՊԸ-ն:
Զորավար Մանվել Գրիգորյանի ելույթը մանկապատանեկան ֆուտբոլի զորավարի փոխանցիկ գավաթի պարգևատրման արարողության ժամանակ
«Հարգելի՛ ներկաներ.
Շնորհավորում եմ բոլորիս երկրապահական հերթական գեղեցիկ միջոցառման կայացման փաստի առիթով:
Սպորտը, մասսայական ֆիզկուլտուրան անչափ կարևոր ոլորտներ են: Սպորտսմենների առավելությունը ես զգացել եմ դեռ ռազմի դաշտում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Մարզիկներն առավել արագաշարժ էին, առավել ճկուն: Ի դեպ, մեր կողքին, զենքը ձեռքին, հայրենյաց սահմանների պաշտպանության և ազատագրման համար մարտնչում էին նաև անվանի մարզիկներ:
Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջև ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձևերի մրցաշարեր էի կազմակերպում: Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի: Դա է պատճառը, որ Երկրապահն այսօր ևս մեծ կարևորություն է տալիս սպորտին, ընդհուպ՝ կոնկրետ մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների նախագահությունը երկրապահներ են իրականացնում: Ինքս ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ, ֆեդերացիայի անմիջական ղեկավարմամբ զբաղվում է Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի քաղաքապետարանը նաև այսօր ավարտված ֆուտբոլի ավանդական մրցաշարի հիմնական կազմակերպիչներից է:
Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և շնորհավորում եմ հաղթող, մրցանակակիր թիմերին, անհատական մրցանակների արժանացած մարզիկներին: Ես շնորհավորում եմ մրցաշարի բոլոր մասնակիցներին, քանզի այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան: հաղթել ենք բոլորս, հաղթել է հայկական սպորտը, հաղթել է երկրապահական ավանդույթը:
Միասնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի առաջիկայում լրջագույն, համազգային հաղթանակներ ունենանք և խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին»: