Ադրբեջանը հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ինտենսիվ կրակոցներ է արձակել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ ա ռաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների' շարունակելով լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում»: