Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցիկ կրոնական շարժման' «Հիզմեթ հարեքեթի»-ի գործունեության մանրամասների վերաբերյալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին թղթածրար է ուղարկել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երկրում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողություններ է սկսել: Թուրքիայի իրավապահ մարմինները, գյուլենականների դեմ ուղղված գործողություններում սերտորեն համագործակցելով Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն են տրամադրում նրանց:

 

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Ադրբեջանի համապատասխան մարմիններին ուղարկված զեկույցում տեղեկություն կա գյուլենականների նպատակների եւ մեթոդների, այդ թվում և գյուլենականների' թյուրքական պետություններն ինչ-որ կազմակերպության մեջ մտցնելու նպատակի մասին: Դրանում նաև նշվում է, որ Ադրբեջանը գյուլենականների համար ամենաթիրախային պետություններից մեկն է:

 

Զեկույցում տեղ է գտել նաեւ տեղեկատվություն Ադրբեջանում գյուլենականների' էներգաարդյունաբերության ոլորտում ունեցած հետաքրքրությունների, այդ երկրում ուսումնական հաստատությունների անվան ներքո շուրջ 28 գյուլենական կազմակերպության գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող գյուլենականների վերաբերյալ:

 

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

 

Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատող անդամներ: