Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Համապատասխան նախագծն ընդունվեց 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, ով նշեց, որ կարևորում են ձեռք բերված համաձայնությունը՝ հայտնելով, որ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկում, սակայն երկրորդ ընթերցման ռեժիմում պետք է շարունակվեն քննարկումները՝ իրենց մտահոգող հարցերի վերաբերյալ:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ով համաձայնագրի տակ ստորագրած բոլոր քաղաքական ուժերին հորդորեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ հայտնելով, որ խնդրահարույց հարցերի շուրջ քննարկումները շարունակվելու են:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտնեց, որ իրենք առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը՝ պայմանով, սակայն, որ անզգուշությամբ կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ տեղեկություն տալու համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթը փոփոխության կենթարկվի:
Չնայած բուռն քննարկումներին ու քննադատություններին՝ նախագիծն, այնուամենայնիվ ընդունվեց:
Նշենք, օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի ուժով ամրագրվում է քաղաքական համաձայնության արդյունքում ստորագրված համաձայնագիրը: Սահմանվում է, որ ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի և կհեռարձակվի ուղիղ եթերում: Նախագծով խստացվում են նաև ընտրախախտումների և կեղծ քվեարկության վերաբերալ սուտ տեղեկություններ տալու համար նախատեսված պատիժները: