Երբեմն Սերժ Սարգսյանին մարդկայնորեն նույնիսկ կարեկցում եմ, որովհետև շրջապատված է ակնհայտ միջակություններով, որոնք բավական է մեկ նախադասություն ասեն, որպեսզի փչացնեն անգամ ամենալուսավոր գաղափարը, մտահղացումը: Իշխանության այսպիսի պրիմիտիվ կառուցվածքը բնորոշ է ավտորիտար համակարգերին, որոնցում ամեն բան որոշում է մեկ մարդ, իսկ մյուսները քծնելու և ծափահարելու համար են: Երբ հայտնի Շմայսը քծնում է նորանշանակ վարչապետին, դա ավելի մոտիվացված ու անկեղծ է, որովհետև նա «քաղաքական ռաբիսի» տիպիկ ներկայացուցիչ է:

 

Ու թերևս պետք է շնորհակալ լինենք Շմայսից, որ նա խոստանում է վարչապետի հետ «արա»-ով չխոսել: Սա արդեն «քաղաքակրթական» լուրջ ձեռքբերում է, չնայած՝ համոզված եմ, որ «արա»-ի կարգավիճակում հենց Շմայսն է եղել թե՛ գործող, և թե՛ նախկին վարչապետների համար:

 

Շմայսին հիշեցի, որովհետև նրա երեկվա հարցազրույցն իր ինտելեկտով գերազանցում էր Գալուստ Սահակյանի մտքի «գոհարներին»: Երեկ Գրիգորիչը որոշել էր նոր խոսք ասել գիտության մեջ՝ մոնոպոլիան ցանկալի համարելով պետության համար: Երբ խորհրդարանի խոսնակը մրցակցության բացակայությունը դրական է համարում, ուրեմն կամ լուրջ պրոբլեմներ ունի մտավոր ու կրթական ցենզի հետ, կամ էլ պետությունը նույնացրել է այն իշխանության հետ, որը շարունակ վերարտադրվում և հարստանում է քաղաքական և տնտեսական մենաշնորհների հետևանքով: Գալուստ Սահակյանն ասում է, որ մենաշնորհն «իրական» պետք է լինի և այդ մենաշնորհի դեմ պայքարել պետք չէ: Ամբողջ ողբերգությունն այն է, որ Հայաստանի մենաշնորհները հենց իրական են. խժռում են տնտեսության պոտենցիալը, բուծելով օլիգարխներ և թալանելով ժողովրդին:

 

Ուզում եմ հավատալ, որ Գալուստ Սահակյանն այս պարագայում դարձել է քաղաքական անգրագիտության զոհը, մենաշնորհն արդարացնելով, ոչ թե «բնական», այլ՝ «իրական» բառով:

 

Բայց երբ խորհրդարանի նախագահի հաջորդ նախադասության մեջ կարդում եմ շաքարի կամ բանանի ներկրման մոնոպոլիան արդարացնող միտք, ակամայից մտածում եմ, որ գուցե այս հարցազրույցից առաջ Սամվել Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը, ժողովրդական լեզվով ասած՝ Գալուստ Սահակյանին «տեսե՞լ» են: Իսկ գուցե Գրիգորիչը մանկուց շաքար ու բանա՞ն է սիրել:

 

Սարգիս Հակոբյան