Չնայած ասում են՝ գործնական քաղաքականության մեջ փիլիսոփայելը բավական անշնորհակալ գործ է, բայց այն, որ հաճախ հենց այս կամ այն իշխանավորի ունեցած աշխարհայացքն ու կենսափիլիսոփայությունն է դառնում այն հիմնական ելակետը, որից ելնելով էլ համապետական կարևորության որոշումներ են ընդունվում՝ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու, փաստ է:
Հանգամանքը, որ մեր իշխանությունները գոնե մինչ օրս այս ասպարեզում առանձնապես աչքի չեն ընկել իրենց խորքային մոտեցումներով ու ցուցաբերած խորաթափանցությամբ, փաստում է հենց այն, որ նրանց բացարձակ մեծամասնությունը չափազանց պրիմիտիվ պատկերացումներ ունի թե՛ պետական կառավարման մասին, թե՛ ժողովրդի երջանկության: Այսպես՝ արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք Կ. Կարապետյանը ժողովրդի երազած վարչապետն է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Մեր ժողովուրդը չի երազում ԱԺ նախագահներ, վարչապետներ ունենալու մասին, ժողովուրդը ընդամենը ուզում է կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել: Ա՛յ, սրա մասին է մեր ժողովրդի երազանքը»։
Անկասկած, յուրաքանչյուր անհատ իրավունք ունի՝ ունենալու սեփական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ, և ԱԺ նախագահն ամենևին էլ բացառություն չէ: Ուստի՝ եթե սա հանդիսանար ընդամենը մասնավոր կարծիք, գուցեև անհրաժեշտություն չլիներ՝ ծավալվելու այս թեմայի շուրջ:Այստեղ ցավն այն է, սակայն, որ Սահակյանն արտահայտել է ոչ թե իր մասնավոր տեսակետն, այլ, ըստ էության, բավական ինքնատիպորեն շարադրել այն հիմնական արժեհամակարգը, որի կրողներն են ներկայիս իշխանույուններն՝ ի դեմս ՀՀԿ-ի:
Որ ոչ միայն սոցիալապես անապահով երկրներում, այլև զարգացած պետություններում թիվ մեկ խնդիրն, իրոք, ժողովրդի բարեկեցությանը վերաբերող հարցերի ու խնդիրների լուծումն է, նորություն չէ. ցանկացած նորմալ պետությունում կառավարությունների համար մեկ գործառույթը հենց սեփական ազգաբնակչության մասին պատշաճորեն հոգ տանելն է: Բայց հարցն այստեղ այն է, որ ի տարբերություն նույն հայաստանյան իշխանությունների, քաղաքակիրթ աշխարհի ղեկավարները կուշտ փորով հաց ուտելու հնարավորությունը համարում են ոչ թե համազգային երազանք, այլ բնական նախապայման՝ մարդու ստեղծագործ հնարավորությունների ի հայտ բերման, նրան ինքնադրսևորվելու հնարավորություն ընձռելու, մի խոսքով՝ նորմալ կյանք վարելու համար: Սա՝ քաղաքակիրթ երկրներում: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ. այստեղ տրամագծորեն հակառակ պատկերի ենք ականատես դառնում: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին միայն հարկավոր է կուշտ լինել, ի՞նչ է նշանակում հանրությանը ներկայացնել որպես կիսասոված ու զոմբիացած մի ամբոխ, որի կյանքի միակ նպատակը սեփական «թափանը» լցնելն է: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր մնացին մեր ազգային նվիրական նպատակներն ու իղձերը, հանուն որոնց ապրել ու պայքարել են մեր պապերը: Եվ այս հոգեբանությամբ մենք պատրաստվում ենք պատերազմե՞լ. մի՞թե սրան էինք մենք արժանի…
Այս ամենը ևս մեկ ավելորդ անգամ ապացուցում է, որ երկրում իրական ու արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է լինելու քաղաքական սերնդափոխություն իրականացնել՝ բարեփոխելու այն հասարակական-քաղաքական դաշտը, որը վաղուց կորցրել է իր ադեկվատությունն ու վերածվել ինչ-որ անհասկանալի երևույթի: Սերնդափոխությունը, սակայն, պետք է հանդիսանա ոչ թե հնի տրամաբանական շարունակությունն, այլ տարբերվի դրանից արմատապես՝ թե՛ արժեհամակարգային, թե՛ ընդհանուր նպատակային առումներով. իրական սերնդափոխությունը պետք է միտված լինի ժողովրդական լայն զանգվածներին խորը լեթարգիական քնից դուրս բերելուն, հավատ ներշնչելուն սեփական ուժերի ու ստեղծագործ կարողությունների հանդեպ. սա՛ է լիարժեք պետություն ու ինքնառեալիզացված հասարակություն ունենալու միակ ճշգրիտ բանաձևը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ