Շատ է խոսվել այն եզրույթի մասին, որ քաղաքականությունը կենդանի օրգանիզմ է, և ընթացս դեպքերի զարգացումները հանդիսանում են այն կենդանության մասնիկները, որոնք ապրեցնում են այդ օրգանիզմին:
Քաղաքական վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել ներքաղաքական ամլության, քաղաքական դաշտում առաջացած վակուումի, ինչպես նաև՝ ծախու ընդդիմադիրների մասին: Ընդհանրապես ընդունված է համարել, որ «ծախու կամ կեղծ ընդդիմադիր» հասկացությունը հայրենի քաղաքականություն մտավ 90-ականների վերջին, երբ արդեն քաղաքական քարտեզում ընթանում էին դերաբաշխումներ:
Քաղաքական գործընթացներին հետևողների համար բավականին յուրահատուկ մթնոլորտ սկսեց ձևավորվել 2013-14 թթ-ին, երբ քաղաքական հարթակում սկսեց ձևավորվել ոչ իշխանական Քառյակ, այնուհետև Եռյակ ֆորմատը: Վերլուծության մեջ բնավ չեմ անդրադառնա, Եռյակի գործունեության և գործելաոճին, ուղղակի վերջին օրերին Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցերը վերհառնելու ֆոնին, ըստ իս, կարիք կա ներկայացնել որոշ դիտարկումներ:
Բոլորիս է հայտնի, որ 2014թ-ի վերջին ՀՀ-ում ստեղծվել էր մի այպիսի իրավիճակ, որը բավականին պայթունավտանգ էր իշխանությունների համար. Նրանք փաստացի զգում էին, որ գահնկեց են լինում և այդ գործընթացի հիմնական գործող ֆիգուրը Ծառուկյանն էր, իր ֆինանսական և մարդկային ռեսուրսներով հանդերձ:
Ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ խաղադրույքը բավականին լուրջ էր: 2015թ-ի փետրվարի 12-ից հետո, երբ պետության դեմքերն ուղղակի դեմարշ սկսեցին Ծառուկյանի դեմ, այդ թվում Հովիկ Աբրահամյանը, սպասվում էր, որ վերջ, ուր որ է հանրությունը կպայթի և կսկսեն քաղաքացիական լուրջ բախումներ: Սակայն այդ ամենը կանխվեց. Կանխվեց, որովհետև քաղաքական ամբիցիան և անձնական շահը դրվեց վերջին տեղում և առաջնային հանգամանք համարվեց արյունահեղության կանխումը: Ծառուկյանը հեռացավ, և արյունահեղություն չեղավ: Լուրջ առաջընթաց էր առանց արյուն թափելու՝ երկրում իրական փոփոխությունների հասնելու համար: Այլապես բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ տեղի կունենար Մարտի 1-ից ահավոր սպանդ, չմոռանաք, որ այս անգամ մյուս կողմը ևս ուներ բավականին մարդկային ռեսուրս և միջոցներ՝ իշխանության դեմ պայքարելու համար:
Պետք է նշել նաև, որ ընդդիմադիր քառյակում արյուն հեղել չէին ցանկանում ոչ դաշնակցականները, ոչ Ժառանգությունը. ի վերջո 2013թ-ին Րաֆֆին արյունահեղություն ցանկանալու դեպքում կգնար այդ քայլին: Ցանկում մնում են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի թևերը: Ծառուկյանի հեռանալու օրն առաջին նախագահը չնայած հայտարարեց, որ այդ ամենը տեղի էր ունեցել մի խումբ խառնակիչների պատճառով, բայց, ամեն դեպքում, մեկ անգամ տունը նստած արյունահեղության համը տեսածը կարող էր այս անգամ Ծառուկյանի ձեռքով շագանակներ հանել կրակից: Նույն մոտիվացիան կարող էր լինել նաև ԲՀԿ-ի ներսում ծվարած մի քանի խառնակիչների մոտ, ովքեր նույնպես դեմ չէին լինի Ծառուկյանով հաշվեհարդար տեսնել գործող իշխանության հետ:
Ծառուկյանի վերադարձի ֆենոմենը
Հայ իրականության մեջ եղել են մի քանի դեպքեր, երբ քաղաքական բարձր հեղինակություն ունեցողները հեռացել են, և որոշ ժամանակ անց նորից մտել քաղաքականություն: 1988թ-ին քաղաքական ասպարեզից հեռացավ Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, իսկ դրանից 10 տարի անց, 1998թ-ին հրաժարական տվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն մի կարևոր հանգամանք պետք է, այնուամենայնիվ, հաշվի առնենք. և Դեմիրճյանը, և Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռացել են՝ ունենալով հանրային վստահության ցածր վարկանիշ, և հեռացել են սուլոցների ներքո, սակայն քաղաքականություն են վերադարձել ֆուրորով: Իսկ Ծառուկայնը հեռացավ քաղաքական դաշտից ունենալով հասարակության բավականին մեծ վստահություն, դրան գումարած նրա հեռանալը կապված չէր ընտրական որևէ գործողության հետ, ասել է, թե կարելի է սպասել նոր զարգացումների: