Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Առանցքային պաշտոնից նրա հեռացման մասին լուրերը բազմիցս հերքել է հենց ինքը, և թե ինչու, այնուամենայնիվ, նա հեռացավ, դեռևս կարելի է միայն եզրակացնել:
Մամուլում շրջանառվում են լուրեր, թե վերջին շրջանում լարված են եղել Դավիթ Անանյանի և նրա առաջին տեղակալի՝ Ռաֆիկ Մաշադյանի հարաբերությունները, քանի որ վերջինս ավելի շատ լիազորություններ է ունեցել, քան՝ Անանյանը, և կարողացել է հարցեր լուծել: Նաև խոսվում է այն մասին, որ Անանյանը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասով բացահայտումներով աչքի չի ընկել, որն էլ պատճառ է դարձել դժգոհությունների:
Ընդգծենք նաև, որ նրա՝ պաշտոնից հեռանալը հաջորդեց Միքայել Մինասյանի տեսաուղերձներում վարչապետի տիկնոջն ու նրա եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին ուղղված՝ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մեղադրանքներին և դրանով պայմանավորված հետագա զարգացումներին:
Նշենք նաև, որ այսօր՝ հունիսի 4-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Իրական պատճառների մասին հազվադեպ են բարձրաձայնում թե՛ հեռացողները, թե՛ հեռացնողները, այնուամենայնիվ, մասնագետները լքում են ոլորտները: