Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվեց Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովը, որին ներկա գտնվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրից ժամանած, ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակներ, այդ թվում՝ ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: Այդ ընթացքում բոլորը հնարավորություն կունենան այցելել կենտրոն և ծանոթանալ համաշխարհային ոսկերչության գլուխգործոցների հետ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը փոքրիկ շրջայց կատարեց, ծանոթացավ ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին: Առանձնահատուկ ուշադրության էին արժանի «KAMIL» ապրանքանիշի թանկարժեք բնական քարերը, որոնց հայրենիքը համարվում է Շրի Լանկան: «KAMIL» ընկերությունը հիմնադրվել է 1935 թվականին: Ընտանեկան բիզնեսն այժմ շարունակում է Ռուզվան Կամիլը, ով բավական տպավորված էր համաժողովի աշխատանքներով և իրենց ապրանքների նկատմամբ հետաքրքրությամբ:


 

Մեզ հետ զրույցում Կամիլը պատմեց, որ իրենք առաջինն են Շրի Լանկայից Հայաստան բերել թանկարժեք, բարձր որակի քարեր: «Մենք ցանկություն ունենք մտնել ԵՏՄ շուկա, կարծում ենք՝ դա մեծ հնարավորություններ ունեցող շուկա է: Եվ Հայաստանով կարող ենք իրականացնել դա: Մեր քարերը արտադրվում, մշակվում են մեր սեփական հանքում»,- ասաց գործարարը: 

 

 

Գնային քաղաքականության մասով ընկերության տնօրենը նշեց, որ գինը և որակը միմյանց համապատասխան են, քարերը շատ բարձ որակի են, էժանագին չեն: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի բացման օրվանից սկսած մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում իրենց ապրանքների նկատմամբ, սակայն դեռ գնորդներ չեն եղել: Գործարարի տեղեկացմամբ՝ իրենք ցանկանում են Հայաստանում գտնել հուսալի բիզնես գործընկեր, ում հետ կկարողանան համագործակցել: 

 

Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանն ու Շրի Լանկայի՝ ՌԴ-ում լիազոր դեսպանի կոմերցիոն գծով օգնական Չանդիմա Կիրիվանդալան, ով ասաց, որ այստեղ են իրենց գործարարին աջակցելու նպատակով:


«KAMIL» ընկերությունն առաջարկում է բարձր որակի բնական քարեր՝ կապույտ, դեղին, վարդագույն սապֆիր (շափյուղա), կարմիր, մանուշակագույն ռուբին, շպինել, կատուների աչք, լուսնաքար և այլն: Ընկերությունն արժանացել է բազմաթիվ պարգևների ոլորտում լավագույնը լինելու և բարձր որակի բնական գունավոր քարեր արտադրելու համար:

Քրիստինա Աղալարյան

 

 

 

 

 

 

 

BLUE SAPHIRE - Կապույտ սապֆիր


RUBY - Ռուբին


CATS EYE - Կատվի աչք


SPINEL - Շպինել


RED SPINEL - Կարմիր շպինել