Հայաստանյան ներքաղաքական դաշտից եկող արձագանքները՝ Գագիկ Ծառուկյանի ակտիվացման հետ կապված, շարունակում են լսելի լինել հանրությանը, և պետք է նկատել, որ ինչպես և սպասվում էր, արձագանքն այդ՝ խիստ դրական երանգներով է աչքի ընկնում: Ընդ որում՝ սույն իրողության նկատմամբ բավական դրական վերաբերմունք են հայտնում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևը ներկայացնող գործիչները, որոնց համոզմամբ՝ Ծառուկյանի վերադարձը նոր շունչ է հաղորդելու վաղուց ճահճացած դաշտին՝ հանդիսանալով ժողովրդի կողմից ակնկալված այն իրադարձությունը, որը վերջապես դուրս է բերելու ներքաղաքական դաշտն այն միապաղաղ ու միալար վիճակից, որը բնորոշ է դրան՝ արդեն բավական երկար ժամանակ:

 

Այնպիսի քաղաքական դեմքեր, ինչպիսիք են Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը և այլոք, իրենց խոսքում բազմիցս են նշել, որ այդ ակտիվացումն իրականում Ծառուկյանի կողմից ժողովրդին ընդառաջ գնալ է նշանակելու, քանի որ առանձնապես գաղտնիք չէ, թե ինչպիսի ջերմությամբ է ժողովուրդն ընդունում Ծառուկյանին ու թե որքան հույսեր է կապում նրա վերադարձի հետ: Ասել կուզի՝ համընդհանուր արձագանքը՝ կապված Գագիկ Ծառուկյանի ակտիվացման հետ՝ սպասելի էր, քանզի ոչ մեկի մոտ՝ լինի քաղաքական գործիչ, թե՝ հասարակ ռանչպար, պարզ աշխատավոր, թե՝ մտավորական, կասկած լինել չի կարող, որ հանձին Ծառուկյանի՝ քաղաքական դաշտը վերագտնելու է այն իրական գործչին, որը, ի տարբերություն շատերի, զարմանազան խոստումներ տալու ու դրանք անկատար թողնելու փոխարեն՝ մշտապես նախըտրել է գործել՝ իրական գործը գերադասելով պարզ ու դատարկ խոսքերից…

Բայց ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, ոչ միշտ է այնպես պատահում, որ լավը, դրականը արժանանում է բացարձակ ու համատարած գնահատանքի. որպես կանոն՝ նախանձողներ, ատամներ կռճտացողներ ևս այդ ընթացքում հասցնում են ի հայտ գալ, որոնք, դրդված անհաղթահարելի նախանձից, քաղաքական իմպոտենտությունից ու բնածին չարությունից, փորձում են յուրատեսակ հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ բարու, դրականի ու հզորի: Ինչպես և սպասելի էր, Ծառուկյանն այս առումով բացառություն չեղավ, ու հիմա հայտնվել են որոշ անբարեհույս տարրեր, որոնք ամեն կերպ փորձում են իրենց չար մտայնությունն՝ ընդդեմ Ծառուկյանի, կյանքի կոչել: Չցանկանալով առանձին անուններ տալ, քանի որ,ինչպես ասում են՝ դրանք այդքան չարժեն, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել այն, որ որոշներն իրենց հոգու մաղձը փորձում են թափել ինչ-որ «ճ» դասի կայքերում, ԶԼՄ-ներում, պատվիրված անհասկանալի բովանդակությամբ նյութեր հրապարակելով՝ իբր ջանալով հակաքարողչություն իրականացնել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:Իհարկե, փաստը, որ նմանատիպ «տրյուկներով» ի սկզբանե անհնար է ինչ-որ արդյունքի հասնել կամ նվազեցնել Ծառուկյանի ակտիվացման նշանակությունը, գիտեն նաև նրանք, ովքեր նմանատիպ նյութերի պատվիրատուների ու այդ կեղտոտ պատվերները կատարողների քաղաքական «պապաներն» են, բայց միայն այն, որ այդ երևույթը դեռևս մեզանում առկա է, խոսում է այն տխուր իրողության մասին, որ կյանքում ինքնադրսևորվելու կամ ռեալիզացվելու խնդիրներ ունեցողների համար դեռևս արդիական են ամենևին էլ ոչ բարոյական այն գործիքների կիրառումը, որոնք խիստ արգահատելի ու տհաճ են, քանի որ այդպիսով խայտառակում են դրանք կիրառողների դատարկությունն ու անկարողությունը. հզոր մարդը երբե՛ք կարիք չունի՝ ո՛չ փիառվելու, ո՛չ էլ ինչ-որ մեկի դեմ հակափիառ անելու, քանի որ ժողովուրդն է իր իսկական գնահատողը, հասարակությունն է իր գործերի հասցեատերը:


Թե ինչին են փորձում հակափիառով օրվա հացի փող վաստակողները հասնել, երբ իրենց կեղտոտ տեխնոլոգիաները բանեցնում են հիրավի Հայաստանում և աշխարհում ամենահարգված մարդկանցից մեկի դեմ, անկեղծ ասած, այդպես էլ անհասկանալի է մնում, բայց այն,որ իրենց կեղտոտ տրյուկները վերջիվերջո դուրս են գալու իրենց իսկ դեմ, անհերքելի է. ժողովուրդն է իրական գնահատականներ տվողն ու մեծարողը, այլ ոչ թե պատվերների վրա նստած այս կամ այն կայքն ու լրատվամիջոցը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ