ՀՀ անկախության տարիների ամենալուրջ խնդիրներից մեկը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ստեղծված զարգացումները, ինչպես նաև՝ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակը, շարունակում է մնալ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող աջակցության հարցը:

 

Այդ առիթով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որի դրամական միջոցները ձևավորվելու են հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից:

 

Հանրությունը ցնցվեց կառավարությունում քննարկված հերթական շոկային նախագծից: Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով, ըստ որի, ստեղծվելու է հիմնադրամ՝ զինծառայողների և նրանց ընտանիքի ապահովության նպատակով: Հիմնադրամն, ի թիվս այլ միջոցների, կգոյատևի նաև աշխատող քաղաքացիների կողմից պարտադիր 1000 դրամ վճարներից: Այս նոր ծրագիրը լուրջ դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում:

 

Համատարած այս աղքատության ֆոնին հսկայական կարողություն դիզած և պալատներ կառուցած, հարյուրավոր բիզնեսներ ունեցող ՊՆ համակարգի ներկայացուցիչների մասին տվյալ պահին մոռացվել է։ «Ներքևինները» տարիներ շարունակ ապահովել են «վերևինների» բարեկեցիկ կյանքը, նույն ապրիլյան պատերազմում հասարակ քաղաքացիների որդիները զոհվեցին, ժամանակը չէ՞, որ բանակից սեփական զավակներին «փախցրած» պաշտոնյաները ձեռքները գրպանները տանեն։

 

Ըստ էության, Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին տեստ-դրայվը «պռավալ» տվեց՝ դառնալով հանրության քննադատության և ծաղրանքի առարկան: Ըստ էության՝ սա սաղմնային նախագիծ է, որի իրացման խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ քաղաքական կոնտեքստը: Ինչո՞ւ այս պահին և հենց ա՛յս ճանապարհով:

 

Հ.Գ. Իրականում սա շատ կասկածելի նախաձեռնություն է, որով փորձում են ժողովրդին արհեստական տրամադրել ազգային բարձրագույն արժեքներից մեկի՝ բանակի հանդեպ: Տվյալ նախաձեռնությունը կարող է բավականին լուրջ ու վտանգավոր հետևանքներ ունենալ, և հասարակության շերտերում ագրեսիա և հակակրանք առաջացնել բանակի նկատմամբ: