«Անտարես» հրատարակչությունը նախօրեին, այսպես ասած, վատ «պավեստկա» է ստացել: Անակնկալը մատուցել է կառավարությունը. հայտնել են, որ հրատարակչության փոքրիկ գրախանութի համար պետք է 369 հազար 600 դրամ արժողությամբ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա գնեն: «Տաղավարում մենք տարեկան մոտ 350 գիրք ենք վաճառում, իսկ սրանով կառավարությունն առնվազն ստիպում է, որ մենք գիրքը 1000 դրամով թանկացնենք: Ինչո՞ւ պիտի տարին մեկ մենք ՀԴՄ փոխենք, և այս անգամ, որ այդ 369 հազարը հայթհայթենք գնենք, ի՞նչ գիտենք, որ հաջորդ տարի չի ստիպի ևս մեկ 500 հազարանոց սարք գնել»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նկատեց, որ խոսքը 150 տոկոսով թանկացման մասին է. 1000 դրամանոց գիրքն այս դեպքում ստիպված երեք անգամ ենք թանկացնելու, 600 դրամանոցը կարող է դառնալ 1600 դրամ, և այդպես շարունակ:
«Խնդիրը նրանում է, որ մեր կառավարությունը չի տարանջատում բնագավառները: Այսօր, օրինակ, կոշկակարը ո՞նց 369 հազար դրամ վճարի: Կառավարության որոշման մեջ կա մի խորամանկ կետ, որ իրենք նման բարձր գնով են վաճառում այդ սարքերը, որպեսզի դրա շահույթի շնորհիվ փոքր ձեռնարկություններին ավելի էժան գնով վաճառեն: Բայց նոյեմբերի մեկին շատ-շատ ձեռնարկություններ արդեն պետք է ունենան այդ սարքերը, և մինչ այսօր չկա սահմանված այդ զեղչը: Հերթական խաբեության մասին է խոսքը»,- ասաց նա և հավելեց, որ օրինակ Չինաստանում նման սարքերը կարելի է գնել 30-50 դոլարով:
Արմեն Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչու պիտի սահմանվեն այնպիսի չափանիշներ, որ միայն մեկ ընկերություն կարողանա ներմուծել այդ սարքերը. «Սա հերթական ստիպողական գնման պատմությունն է, որ իշխանական օղակներն իրականացնում են»:
«Անտարես»-ի տնօրենը նկատեց, որ ամենախոցելի բնագավառներից մեկն է, գրքի վաճառքից շահույթը շատ ցածր է, իսկ կառավարությունն էլ տարբեր ճանապարհներով շրջանցում է գրախանութները: «Կառավարությունը, փողոցային ժառգոնով ասած, գցում է գրախանութին, երբ դասագիրքը շրջանցում է գրախանութը, այսօր դասագիրքը միանգամից գնում է դպրոց: Գցում է գրախանութին, երբ հրատարակչից է գիրքը գնում: Արդեն երրորդ հարվածն էլ, ավելացած գրախանութերի ցանցի նկատմամբ ոտնձգություններին, այն է, որ այսօր պետությունը թույլ է տալիս, որ Ռուսատանը' օտար պետությունը գա և ջախջախի գրավաճառ ցանցերը»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանում գործում են ռուսական գրախանութներ, որոնք հովանավորվում են ՌԴ կողմից: «Այսօր հայաստանցի գրավաճառն ինչպե՞ս մրցակցի Ռուսաստանի հետ: Էլի կմրցակցեինք, եթե այդ պետությունը դա աներ գրքից եկած փողով, ոչ թե նավթի ու գազի: Իրենք բացել են գրախանութներ, ինչով սնանկացնում են հայաստանցի գրավաճառներին, իսկ Հայաստանում ընթերցման լեզուն հիմնականում ռուսերենն է»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարությունն ավելի վաղ սահմանել էր «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը' 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ 2013թ-ին ՀԴՄ-ները պետք է կտեղադրվեին խոշոր օբյեկտներում, 2014 թ. հունվարի 1-ից՝ ԱԱՀ-ի եռամսյակային հարկ վճարողները, իսկ 2015 թ-ին՝ բոլորը' բացառությամբ այն հարկ վճարողների, որոնց համար կառավարությունը կսահմանի ցանկ: