Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ մասնակից լինելով միջոցառմանը, այցելելով հերոսի շիրիմին, մտորումներ է ունեցել՝ արդյոք ճի՞շտ է նոր գիծ գծել և նոր էջից սկսել ամեն ինչ:

 

«Այստեղ եկել եմ շատ ամրացած իմ համոզմունքների մեջ: Ճի՛շտ եմ արել, որ նախագիծը բերել եմ ա՛յս տեսքով, և պետք է խնդրեմ մինչև քվեարակելը շատ խորը մտածել այս ասածիս մասին»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ նրանք, ովքեր դեմ են պատրաստվում քվեարկել, ուժ գտնեն իրենց մեջ և կողմ քվեարկեն այս նախագծին:

 

«ՀԱԿ պատգամավորն ասաց, որ եթե այսպես անեիք, կծափահարեին Ձեզ: Հավատացե՛ք, ես բացարձակ դրա համար չեմ բերել աս նախագիծը: Ծափահարությունները հաճելի են, բայց սա խոնարհման համար է»,- ընդգծեց նախարարը:

 

Անդրադառնալով հայտարարություններին, թե ապօրնի հարստացածներից պետք է ավելի շատ միջոցներ գանձել. «Դրանով մենք լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը: Եթե մենք սկզբունքային ենք, պետք է չասենք՝ ով շատա կերել, թող բերի շատ վճարի: Դա իմ քաղաքականությունը չի, ես դե՛մ եմ: Ես կողմ եմ, որ միասնական տուրք լինի»,- ասաց նախարարը:

 

Նրա խոսքով՝ այս օրերին իրեն անհանգստացրել է բանակայինների վրա տարբեր տեղերից շպրտվող ցեխը. «Հավատացե՛ք, նրանք ցեխի պակաս չեն զգում, և եթե կա մի սպա, ով արատավորել է համակարգը, մեր պարտքն է նրան հայտնաբերել ու բացառել, պատժել: Այստեղ՝ ԱԺ-ում էլ կան մարդիկ, ովքեր խորը թաթախված են այդ ցեխի մեջ, ուրեմն եկեք մտածենք, թե ում վրա ինչ ցեխ ենք շպրտում»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը: