Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն՝ հետխորհրդային շրջանում առաջին անգամ ձերբակալվել, ապա տնային կալանքի է ենթարկվել դաշնային նախարար։ Խոսքը՝ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի մասին է, ում ձերբակալել են իբրև թե երկու միլիոն դոլար կաշառք վերցնելու պահին։ Արտաքուստ թվում է՝ Ռուսաստանում անողոք պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ։ Սակայն Ռուսաստանը մոտիկից ճանաչող մարդիկ տեղյակ են, որ Պուտինի ամբողջ համակարգը կառուցված է կոռուպցիոն բարդ սխեմաների վրա։ Բացի այդ, ձերբակալության ցուցադրականությունը, այն հանգամանքը, որ մեկ տարուց ավելի՝ արդեն նախկին նախարարը եղել է հատուկ ծառայությունների թիրախը՝ հուշում են, որ գործ ունենք ներհամակարգային պայքարի, սեփականության համար մղվող բախումների հետ։ Ստուգումներ են սկսվել նաեւ Անատոլի Չուբայսի տնօրինությամբ գործող «Ռոսնանո» ընկերությունում։ Դժվար չէ ենթադրել, որ Պուտինի շրջապատի ազդեցիկ ուժայինները ցանկանում են իշխանությունից դուրս մղել, այսպես կոչված, լիբերալ խմբավորմանը, որի ներկայացուցիչն էր Ուլյուկաևը։ Ի դեպ, նա մեղադրվում է անհավանական մի վարկածով, թե իբր՝ սպառնալիքով կաշառք է կորզել «Ռոսնեֆտից», որի տնօրեն Իգոր Սեչինը Պուտինի անմիջական շրջապատի մարդ է, նախագահի մերձավորը։
Տեղի ունեցածն իշխանությունն արդեն օգտագործում է սեփական PR-ի համար։ Եթե միջազգային հանրությունը կասկածի տակ է դնում Պուտինի հակակոռուպցիոն քաղաքականության անկեղծությունն, ապա սանկցիաների եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով աղքատացած ռուսաստանցիներին գրավում է «արդար ցարի» կերպարը, ով պայքարում է երկրի ներքին եւ արտաքին «թշնամիների» դեմ։
Հակակոռուպցիոն հռետորաբանությունը, կոռուպցիոն ցուցադրական «բացահայտումները» բնորոշ են ոչ արդյունավետ կառավարում ունեցող ավտորիտար ռեժիմներին։ Խոսքը նաեւ Հայաստանի մասին է, որտեղ իմիտացիան ու հանրային կարծիքի մանիպուլյացիան փոխարինում են իրական քաղաքականությանը։ Սակայն մեր հասարակությունն արդեն հոգնել է 1000 դոլար վերցնող դատավորի կամ 200 դոլար «քերող» մայորի տեսարաններից։ Հատկապես ռուսական իրադարձություններից հետո՝ մեր հասարակությունը մեծ «զոհ» է պահանջելու։ Դա է պահանջում նաեւ իշխանության նախընտրական PR-ը։ Որեւէ խոշոր պաշտոնյա կամ նախարար պետք է «զոհաբերվի»՝ Սերժ Սարգսյանի հակակոռուպցիոն քաղաքականությանը հասարակական լեգիտիմություն հաղորդելու համար։ Մեր նախարարների կամ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը ծպտյալ կոռուպցիոներներ են, եւ հասարակությունն, անշուշտ, կհավատա հրամցվող կոռուպցիոն բացահայտմանն՝ անկախ դրա մոտիվներից։
Սերժ Սարգսյանը ձգտում է իշխանության վերարտադրությանը, հասարակությունը «մեծ զոհ» է պահանջում։ Հարմար տեղավորվեք. ներկայացումը սկսված է, սպասում ենք «գլխավոր հերոսին» ...
Սարգիս Հակոբյան