Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

«Սիրելի քաղաքացիներ,

Սույն թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել այնուհետև կալանավորվել էին հայտնի քաղաքական գործիչներ՝ Արմեն Մարտիրոսյանը, Անդրաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Հովհանիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

 

Նշված շինծու և արդեն իսկ տապալված քրեական հետապնդմամբ իշխանությունը նպատակ է հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը:

 

Առաջիկայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ և մինչ այդ հայտնի քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու, իսկ կալանքի տակ գտնվողներին ազատ չարձակելու և դրանով պառլամենտական ընտրություններին նրանց մասնակցությունը տապալելու համար իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրեական գործին նոր «շունչ» տալ՝ նախկինում մի քանի անգամ խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան խանգարում ունենալու պատճառով հարկադիր բուժման ենթարկված անձի սուտ վկայություններով:

 

Իշխանությունների նման գործողությունները՝ քաղաքական նպատակով քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է օպոզիցիոն գործողությունների դեմ, այլ նաև հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում»: