«Երևան Գարեջուր» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում դժգոհեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա որոշումից:

 

Հիշեցնենք, որ ընկերությունը տուգանվել է 110 մլն դրամով:

 

Անդրադառնալով խնդրին՝ պատգամավորը նշեց, որ դիմելու է Հայաստանի ղեկավարությանը, դատարան, փորձելու է պարզել՝ շարունակեն Հայաստանում հարկե՞ր տալ, թե՞ արտագաղթեն:

 

«Ես չգիտեմ, եթե դու հարկ շատ ես տալիս էս երկրում ու պետք է պատժվես, թող բարձրաձայն մեզ ասեն, մենք կորոշենք՝ հարկ տա՞նք, թե՞ թողնենք, էս երկրից գնանք: Այստեղ միշտ էլ աշխատողն է տուժում: Եթե ուզում ենք երկիրը զարգացնել, պետք է խրախուսենք ներքին արտադրողներին, որ ավելի շատ աշխատողներ ունենան, որպեսզի ընտանիքները կարողանան պահել»,- դժգոհեց պատգամավորը՝ ում համոզմամբ՝ այդ որոշումն արդարացված չէ:

 

«Առանց դատարանի այս հարցը չի լուծվի, անպայման կդիմեմ դատարան, եթե մինչև այդ հանձնաժողովն իր կոպիտ սխալները չվերացնի»,- հավելեց նա:

 

Պատգամավորը ՏՄՊՊՀ գործողություններում միտում է տեսնում և կարծում է, որ այսպիքի քայլերով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը փորձում է իր հեղինակությունը փրկել: «Միանշանակ, ես այդ հարցում միտում եմ տեսնում: Շաբոյան Արտակի վերաբերյալ ինչքան վատ բաներ են տարածվել լրատվությամբ, հիմա ինքը փորձում է ցույց տալ, թե ինչքան լավ է աշխատում: Բայց նման կազմակերպությանը տուգանելով, որտեղ 700-ից ավելի մարդ է աշխատում և մշտական աշխատավարձ ստանում, չի կարող իր հեղինակությունը բարձրացնել»,- ասաց Հակոբ Հակոբյանը: