Աշխարհի կողմից հակամարտությունների ընկալման կերպն ու ձևը, որպես կանոն, գրեթե միշտ պայմանավորված են եղել համաշխարհային գերտերությունների՝ այս կամ այն հակամարտության մեջ ունեցած շահերի չափաբաժնով: Այսինքն՝ աշխարհը, բայց նախևառաջ՝ աշխարհի հզորները, ցավոք, հակամարտությունները կամ դրանցում ներքաշված ժողովուրդներին դիտարկել ու դիտարկում են ոչ թե հումանիզմի տեսանկյունից, այլ՝ սեփական շահերի, քաղաքական չոր հաշվարկների դիտակետից. իրողություն, որ ամենալուրջ խանգարող հանգամանքն է դարձել ժողովուրդների ու ազգերի միջև բաղձալի խաղաղություն, խաղաղ երկխոսություն հաստատելու ճանապարհին: Աշխարհում գոյություն ունեցած կամ ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունը պայմանավորված է հզորների շահերի բախմամբ, որին, ցավոք, զոհ է դառնում տեղի բնակչությունը:
Թերևս, քիչ կգտնվեն ժողովուրդներ, ովքեր, իրապես, կարող են, ընդունակ կլինեն գնահատել խաղաղությունն այնպես, ինչպես դա անում ենք մենք՝ հայերս. դժվար է մտաբերել ժամանակաշրջաններ, երբ մենք ներքաշված չենք եղել հակամարտություններում, ենթակա չենք եղել օտարների ոտնձգություններին ու ապօրինություններին: Անկասկած, արցախյան հիմնահարցի գոյությունը հստակ ու շոշափելի ապացույցն է ասվածի, քանի որ չպետք է մոռանալ, որ այն մինչև հիմա չլուծված է մնում ընդամենը մի պատճառով. աշխարհի քաղաքական ղեկավարները հակված չեն խնդիրը դիտարկել մարդկային արդարության տեսանկյունից ու փորձում են հիմնախնդիրը ծառայեցնել սեփական աշխարհաքաղաքական շահերին՝ մոռանալով նախևառաջ տեղի ժողովրդի մասին, անտեսելով նրա՝ նորմալ կենսագործունեություն ապահովելու համար անհրաժեշտ տարրական պայմանների ապահովման կարիքը:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ Արցախն աշխարհին ինտեգրելու անհրաժեշտությունը հասունացել է դեռևս շատ վաղուց: Ընդհանրապես, պետք է նկատել, որ գլոբալիզացվող այս աշխարհում Արցախի հանդեպ նույն այդ աշխարհի կեցվածքը խիստ անարդար է, կողմնակալ. այստեղ նույնիսկ հումանիտար առաքելություններ չեն իրականացվում, մարդասիրական օգնություններ չեն տրամադրվում այն պարագայում, երբ պատերազմն այստեղ ոչ միայն չի ավարտվում, այլև օրեցօր իրավիճակը թեժանում է:
Ինչ խոսք՝ պետք է նախևառաջ արժանին մատուցել արցախյան իշխանություններին ու հատկապես Բակո Սահակյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ է, որ գոնե ինչ-որ կերպ այսօր արցախցին կարողանում է հաղթահարել իր առջև ծառացած բազում խնդիրները: Շնորհիվ իմաստուն քաղաքականության, որ իշխանությունները վարում են Արցախում, այսօր հնարավոր է դարձել հայության ունեցած ներուժը շատ կոնկրետ կերպով ծառայեցնել շարքային արցախցու բարօրությանը, իրականացնել մի շարք առողջապահական, կրթական ծրագրեր, որոնք հնարավոր են դարձել հատկապես՝ շնորհիվ հայ բարերարների, ինչպիսիք, ասենք՝ նույն Սամվել Կարապետյանն ու Արթուր Վարժապետյանն են:
Ակնհայտ է, սակայն, որ միայն բարեգործական նախաձեռնություններով, որքան էլ ծավալուն դրանք լինեն, անհնար է ամուր ու երկարաժամկետ հիմքեր ստեղծել Արցախի հետագա զարգացման, առաջընթացի համար. այդ ամենը կարող է հնարավոր դառնալ միայն աշխարհի՝ Արցախի հանդեպ որդեգրած անհասկանալի դիրքորոշման փոփոխության պարագայում, երբ բոլորը վերջապես կհասկանան, որ արտոնյալներ ու ստորադասներ չեն լինում, բոլորն էլ, անկախ այն բանից՝ եվրոպացիներ են, թե՝ կովկասցիներ, արժանի են հավասար վերաբերմունքի աշխարհի կողմից. օրուգիշեր մարդասիրության մասին բարբառող աշխարհը պարտավոր է հավատարիմ մնալ իր իսկ կողմից քարոզվող արժեքներին…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ