Դժվար է հավատալ, բայց կարծես Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դաշինքը տալիս է իր առաջին ճաքերը, ու չնայած ընդունված էր կարծել, թե բարձրագույն պաշտոններ զբաղեցնող այս երկու անձերի միջև որևիցե արմատական տարաձայնություն չէր կարող լինել ի սկզբանե, բայց ինչպես կյանքն է ապացուցում, ոչինչ քաղաքականության մեջ չի կարելի բացառել:

 

Այսպես՝ ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահի ու վարչապետի միջև տեղի ունեցող գաղափարական բախման կիզակետում հայտնվել է այն կարևորագույն հարցը, թե ովքեր են այսուհետ ևս շարունակելու մաս կազմել կառավարությանը: Բանն այն է, որ նախագահականում ակնհայտ դժգոհություներ ունեն հատկապես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից ու կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից:


Իսկ դժգոհություններն, ինչպես հասկանալի է, ուղղակորեն կապ ունեն վեջիններիս գործելաոճի հետ. իրենց այդպես էլ չեն արդարացնում: Ալթունյանի վերջերս հարուցած սկանդալը՝ կապված ազգաբնակչության նկատմամբ ունեցած ակնհայտ առհամարհական վերաբերմունքի հետ, սեփական գործունեության մեջ դրսևորած կողմնապահությունը, երբ մարդը իսկական բիզնեսմենի վարք է դրսևորում պետական բարձր պաշտոնում ու ասենք պետպատվեր է ապահովում գրեթե բացառապես սեփական հիվանդանոցի համար, հունից հանել են Բաղրամյան 26-ին, ուր դժգոհ են նաև Վահան Մարտիրոսյանի՝ «Ռոստելեկոմի» նկատմամբ ունեցած առանձնակի ջերմ վերաբերմունքից, ինչպես նաև Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումներց, որոնք երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը, հասկանալի պատճառներով, մեր երկիրը չունի։


Պարզվում է, սակայն, որ դժգոհություններ ունի ոչ միայն Սերժ Սարգսյանն,այլև վարչապետը, ով, իր հերթին, ևս նախարարների սեփական սև ցուցակն է կազմել, որը, ինչպես և ենթադրելի էր, հիմնականում բաղկացած է հին թիմը ներկայացնող մադկանցից: Ասել կուզի՝ այն կազմը, որով այժմ ներկայանում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, կարող է և մոտ ապագայում արմատական փոփոխությունների ենթարկվել, իսկ թե ինչպիսին, ցույց կարող է տալ միայն ժամանակը:


Այսպիսով՝ ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո: Իհարկե՝ շատ բան, բայց մի հանգամանք պետք է հատկապես ընդգծել. ռեալ կյանքն, անկախ ամեն ինչից, իր շտկումները կատարում է, սթափեցնող ազդցություն է ունենում ու հօդս է ցնդեցնում այն ամեն երևակայականը, որ կարող է միառժամանակ բնորոշ լինել մարդկանց: Փաստորեն՝ պրակտիկան ապացուցեց ու փաստեց, որ այն ողջ աղմուկը, որ բարձրացել էր Կարապետյանի կադրերը համարվող պաշտոնյաների անվան շուրջ, սին էին ու խիստ էյֆորիկ. նրանք ոչնչով առավել չգտնվեցին իրենց նախորդներից ու հավատարիմ մնացին այն ճղճիմ ավանդույթներին, որոնք իշխող են մեր պետական կառավարման համակարգում երկար տարիներ ի վեր:


Նրանցից յուրաքանչյուրը, փաստացի, բացառապես պետության հաշվին այս ողջ ընթացքում զբաղված էր սեփական շահերի սպասարկմամբ, բիզնես շահագրգռվածությունների առաջխաղացմամբ՝ մոռանալով բիզնեսմենի ու պետական ծառայողի միջև գոյություն ուենցող հսկայական տարբերության մասին, որը կայանում է առաջնահերթությունների սահմանման մեջ: Նրանք ոչ միայն իրենց չեն արդարացնում գործնական ասպարեզում, այլև, ինչպես նույն Ալթունյանի օրինակը ցույց տվեց, մարդկային հարաբերություններում. պետք չէ մոռանալ, որ մարդկանց հատկանիշներն ու որակները հաճախ բացահայտվում են միայն որոշակի իրավիճակների պարագայում՝ հաճախ ճգնաժամային. Կարապետյանի թիմն այդ փորձությունն, ըստ էության, չանցավ ու դիմակազերծվեց ժամանակից շուտ:


Դատելով ամենայնից՝ առաջիկան բավական թեժ է լինելու, ու դեռևս տեղի են ունենալու բաներ, որոնց մասին հիմա շատերն անգամ պատկերացում չեն կարող ունենալ. նախագահի ու վարչապետի միջև լարվածության աճը կարող է էապես ազդել երկրի քաղաքական դաշտի հետագա կոնյուկտուրայի վրա:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ