ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2040 թվականին Հայաստանն ունենալու է 4 միլիոն բնակչություն, նկատեց՝ ներկայիս գործելաոճով կառավարությունը մեսիջ է ուղարկում, որ իր առաջնահերթությունը նախագահի ասածը չէ:
«Օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարվեց, որ 32 միլիոն դրամի չափ գումար՝ «պատահմամբ» հայտնվել է բյուջեում՝ մանկապարտեզի շինարարության համար, սակայն ասացին, որ այդ գումարը պետք է հանեն՝ իբրև թե խնայողություն անելու համար: Քանի որ մանկապարտեզի շինարարությունն անմիջական կապ ունի բնակչության բնական աճի հետ, այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչպե՞ս կարող ենք 2040 թ. նախագահի հայտարարած 4 միլիոն բնակչությանը հասնել, եթե մենք խնայում ենք: Անցած տարվա կտրվածքով մենք արդեն ունենք բնակչության նվազում, այս 10 ամսվա տվյալները ևս ցույց են տալիս, որ ծնելիություն-մահացություն բալանսը խախտվել է: Եթե սրան գումարում ենք նաև արտագաղթը, ապա մեզ մոտ բացասական մնացորդ է ստացվում: Իսկ եթե ուզում ենք ավելացնել բնակչության թիվը, ապա պետք է ցույց տանք, որ մարդիկ ավելանում են երկրում»,- ասաց նա՝ սա որակելով հակասություն նախագահի ասածի և վարչապետի արածի միջև:
Տնտեսագետը բնակչության թվի նվազման հետ կապված այլ դիտարկումներ ևս արեց։ Խոսելով համայնքների խոշորացման մասին, Մանասերյանը նկատեց, որ այդ գործընթացը մեզ մոտ տեղի է ունենում բռնի ձևով՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքները․ «Բազմաթիվ համայնքներում ամբողջ համայնքը, մարզպետները, համայնքապետերը դեմ են կանգնում խոշորացմանը, բայց կառավարությունը դրան չի նայում, քանի որ օրենքը այդ հնարավորությունը թույլ է տալիս: Սա երկրորդ կարևոր գործոնն է, որը վնասում է բնակչության աճին և ժողովրդագրական սպառնալիք է:
Մի քանի համայնքներ միավորվում են, սակայն դրանից որևէ օգուտ իրականում չկա, փոխարենը կա վնաս։ Քանի որ համայնքներից մեկի գյուղապետն է դառնում մյուսների համար ղեկավար, բնական է, որ իր ֆինանսական միջոցները պետք է ուղղի իր բնակավայր հանդիսացող համայնքի բարեկարգմանը, որը դժգոհություն է առաջացնելու մյուս համայնքներում, հետևաբար՝ քիչ-քիչ դատարկվելու են գյուղերը»,- նշեց տնտեսագետը և ընդգծեց՝ սա ոչ միայն ամոթալի երևույթ է, այլև վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից:
Նրա խոքով՝ բնակչության արտագաղթը բացարձակ չի հետաքրքրում ո՛չ վարչապետին, ո՛չ Տարածքային կառավարման նախարարին, իսկ այս տեմպերով մենք ոչ միայն չենք ունենա 4 միոլիոն բնակչություն, այլև ջուր կլցնենք այն մարդկանց ջրաղացին, ովքեր կանխատեսել են Հայաստանում 1 միլիոն բնակչություն:
Սոնա Հարությունյան