Խորհրդանշանները  կոդեր են, ծածկագրեր, որոնք ստեղծվել են մարդկային կյանքի համընդհանուր կենսաբանական և հոգեբանական հիմքի վրա, որպես մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր: Ոչ բոլոր հայերը գիտեն իրենց պետական զինանշանի պատմությունը կամ իմաստային բովանդակությունը, ինչպես ոչ բոլոր հնդիկները՝ լոտոսի, հրեաները՝ վեցթևանի աստղի, ռուսները՝ երկգլխանի արծվի մասին:

Մեր օրերում բազմաթիվ խորհրդանշաններ՝ լոգոներ են ստեղծվում տարբեր ընկերությունների, կազմակերպությունների կողմից, սակայն դրանցից շատերը զուրկ են գաղափարական հենքից, երբեմն օգտագործվում են սիմվոլներ, որոնց մեկնաբանությանը, պատմությանը ծանոթ չեն:

Հայաստանյան քաղաքական կյանքում ստեղծված նոր Շարժումը՝ «Միասնություն»-ը, ևս իր լոգոն է ստեղծել: Հարկ ենք համարում մեկնաբանել Շարժման լոգոն, որում ներկայացված է գաղափարախոսությունը՝ սիմվոլների ձեռագրով:

Այսպես՝

Հավերժության նշան

Այն համարվում է նաև արևի նշան: Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում:

Գագաթը վեր եռանկյունի

Երկրաչափական խորհրդակարգում հիմնարար, առավել բարդ և առեղծվածային խորհրդանշան է: Աշխարհի եռակի ընկալումը մարդուն բնորոշ է ոչ միայն տարածության և ժամանակի իմաստով՝ ներկա, անցյալ, ապառնի, այլև ներհայեցողության տեսանկյունից՝ մարմին, միտք, ոգի: Կյանքի շրջադարձները հանգեցրին այն բանին, որ այսօր մեր ժողովուրդը եռամիասնության կրողն է դարձել՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք:

Եռանկյունին՝ անցկացնելով հավերժության նշանի միջով՝ ընդգծել ենք այն գաղափարը, որ հավերժ է այդ եռամիասնությունը:

Գեղարդ

Փրկչական խորհրդանշան է: Կենսաբեր, մարմնական և հոգևոր ախտերը բուժող նշանակություն ունի: Կրոնական խորհրդակարգում անվանվում է սուրբ Գեղարդ: Երկաթից պատրաստված տեգի խաչաձև ծայրն է: Պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում: Այս գեղարդով է հռոմեացի հարյուրապետ Ղունկիանոսը խոցել խաչված խաչված Քրիստոսի կողը, որտեղից ջուր ու արյուն է հոսել՝ ի նշան մկրտության և հաղորդության:

Հիսուսի համբառնալուց հետո Թադեոս առաքյալը փշեպսակի հետ գեղարդը Երուսաղեմից բերում է Եդեսիա, տասներկու տարի անբուժելի հիվանդությունից տառապող  Աբգար թագավորին բժշկելու համար:

Գեղարդի հրաշագործությունների նկատմամաբ հավատ են ունեցել ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև վրացիները, նույնիսկ մահմեդականները և ժանտախտի, տարբեր տեսակի համաճարակների, հիվանդությունների ժամանակ հաճախ դիմել են նրա հրաշագործ օգնությանը: