ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Այվազյանի անվան գավաթի առաջնությունը:

Ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի ու քաղաքների, Արցախի ուժեղագույն մարզիկները, այդ թվում նաև՝ աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ։ Մարզիկներն ուժերն են չափել երեք մրցաձևերում՝ սեղմում պառկած դիրքում, կանգնած դիրքից կքանիստ ձողով և ձգում: Ըստ քաշային կարգերի հաղթողներ են ճանաչվել. 52 կգ՝ Արսեն Ոսկանյան, 56 կգ՝ Արմեն Գալստյան, 60 կգ՝ Արսեն Մրտեյան, 67 կգ՝ Արթուր Նաջարյան, 75 կգ՝ Յուրա Մայիլյան, 82 կգ՝ Թաթուլ Հարությունյան, 90 կգ՝ Արամ Մե լիքյան, 100 կգ՝ Արթուր Սարգսյան, 110 կգ՝ Հարություն Ավանեսյան, 125 կգ՝ Յուրի Կարաօղլանյան, +125 կգ՝ Սերգեյ Մադոյան:

Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

Նախարար Ռոստոմյանը շնորհավորել է հաղթողներին և նշել, որ այս կարգի մարզաձևերը ապահովում են մասսայական սպորտը և առողջ ապրելակերպը: «Տեսեք՝ որքան գեղեցիկ և ուժեղ տղաներ են: Այս երիտասարդները, առողջ ու դիմացկուն լինելով, պիտանի են մեր բանակին, ընդհանրապես՝ հասարակությանը: Հաշվի առնելով իրավիճակը մեր սահմաններում՝ պետք է մեր ազգը միշտ ուժեղ լինի: Մենք անպայման կօգնենք այս մարզաձևին, այն կզարգացնենք բոլոր մարզերում և համայնքներում, առավել ևս, որ դրա համար առանձնապես մեծ գումարային ներդրումներ անհրաժեշտ չեն»,- ասել է Ռոստոմյանը: