Կարեն Կարապետյանը վարչապետության գրեթե երկու ամիսների ընթացքում խուսափել է քաղաքականությունից ու քաղաքական օրակարգից։ Անգամ մենք չգիտենք, թե վարչապետն ինչ է մտածում իր կաբինետի կողմից խորհրդարան ներկայացված, այսպես կոչված, «1000 դրամի» վիճահարույց նախաձեռնության մասին։ Վարչապետը կենտրոնացել է միայն տնտեսական քաղաքականության վրա՝ բարեփոխումների անվերջ խոստումներով։ Երբ դրվում է բեկումնային փոփոխությունների նշաձող և չի ցուցաբերվում քաղաքական մոտեցում, ապա ունենք խոստումների և հնարավորությունների դիսբալանս։ Սա հայտնի ճշմարտություն է, որը, կարծում եմ, պետք է հասու լինի վարչապետին կամ նրա ահռելի աշխատակազմից որեւէ մեկին։
Երեկ «Բլումբերգ» հեղինակավոր գործակալությունը հրապարակել է Հայաստանի վարչապետի հարցազրույցը, որի մի դրվագում քաղաքական ենթատեքստ, այնուամենայնիվ, կա։ Այն մեկնաբանությունների հետ կապված, թե ինքը նշանակվել է կարճ ժամկետով, մինչև խորհրդարանական ընտրությունները իշխող կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով, Կարապետյանն ասել է, թե աննպատակահարմար է ասելը՝ արդյո՞ք ինքն այս պաշտոնում կնշանակվի նաև ընտրություններից հետո, քանի որ՝ ոչ ոք չի կարող կանախատեսել ընտրությունների ելքը: Ամեն դեպքում նա ձգտելու է երկարատև զարգացման հստակ պլաններ մշակել, որպեսզի 2018 թվականից հետո տարեցտարի կայուն աճ արձանագարվի։ Իհարկե, Կարեն Կարապետյանն այս հարցում օրիգինալ չէ ու իր պաշտոնավարումը պայմանավորել է ընտրություններով՝ թերեւս երկրորդելով Սերժ Սարգսյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ Սարգսյանը, եւ թե՛ Կարապետյանն ընտրությունների համատեքստում դիտարկում են սեփական վարչապետության հեռանկարը՝ թեեւ այդ ընտրություններին մասնակցելու են մեկ թիմով։ Նույն թիմը երկու վարչապետացու չի ունենում, եթե, իհարկե, այդ թիմում չկան խորքային հակասություններ։ Իսկ գուցե կան ու Սերժ Սարգսյանի եւ Կարապետյանի պայմանավորվածությունները կամ չեղարկված են, կամ էլ վերաբերում են մինչեւ 2018-ի ապրիլին։ Ընդ որում, հարցազրույցի մեջբերված հատվածում՝ Կարապետյանն առնվազն ակնարկում է, որ հաջողված վարչապետ կարող է լինել հենց 2018թ-ից։ Սա բնավ էլ պատահական ասված տարեթիվ չէ, եթե նկատի ունենանք, որ հենց այդ ժամանակ է Սերժ Սարգսյանը լքելու նախագահական նստավայրը։
Սերժ Սարգսյանը նոր իշխանության ձեւավորման գործընթացը սկսել է առնվազն 2015թ-ի սկզբից եւ վաղուց ենք վարժվել այն մտքին, որ նրա բոլոր քայլերը թելադրված են նախընտրական տրամաբանությամբ։
Բայց նույնն է նաեւ Կարեն Կարապետյանի պարագայում։ Նրա գեղեցիկ խոսքերը, խոստումներն, անօրակարգ մարզային այցերը, հանդիպումները հանրային ակտիվ խմբերի, նույնիսկ՝ բլոգերների հետ, տպավորություն են ստեղծում, թե Կարապետյանը ոչ թե գործող վարչապետ է, այլ վարչապետության թեկնածու։
Երկու ամսում վարչապետը որեւէ գործնական քայլ չի արել մենաշնորհների դեմ պայքարում, այլապես՝ գոնե շուկայում էժանացում կնկատեինք։ Կամ՝ ո՞ւր է կոռուպցիայի դեմ պայքարը, եթե Կարապետյանը հետամուտ չի լինում, որ իրավապահները զբաղվեն գոնե իր հայտարարությամբ՝ պրիմիտիվ գողության մասին։ Չեմ ուզում մտածել, որ վարչապետը կեղծ մատնություն է արել, որովհետեւ երկրում ոչ միայն գողություն է, այլ՝ կազմակերպված թալան։ Ուրեմն, ինչո՞ւ Կարապետյանը չի բացահայտում «պրիմիտիվ գղության» սեման։ Չի՞ ուզում, չի՞ կարողանում, դրսի՞ց են խանգարում, խանգարողը Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ իր շրջապատում էլ «պրիմիտիվ գողերի» պակաս չկա։
«Գործարարները չպետք է խոչընդոտների հանդիպեն կոռումպացված չինովնիկների կողմից, որոնք ակնկալում են գումարներ ստանալ վարչական որոշումներ ընդունելու համար: Նրանք չպետք է խոչընդոտներ ունենան նաև քաղաքական կապերն օգտագործող այլ գործարարների կողմից, որոնք սահմանափակում են մրցակցությունը»-երեկվա հարցազրույցում համոզիչ տոնով ասում է վարչապետը։ Արդյո՞ք վերջին երկու ամսում «Լֆիկ Սամոն», «Թոխմախի Մհերը» կամ «Քեթրին Միհրանը» «խեղճացել» են։ Ես նման բան չեմ նկատել ու դեռ ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը պատգամավոր դառնալու ցանկություն ունի՝ հատուկ օլիգարխների ու ՀՀԿ-ի համար մոգոնված ռեյտինգային համակարգով։ Ուրեմն, ի՞նչ արժեք ունեն այս բարձրագոչ խոսքերը կամ ՊԵԿ երեկվա հայտարությունը, թե «անհայտ անձինք փորձել են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը»։ Բնականաբար, ՊԵԿ-ի «հերոսական ջանքերով» կանխվել է «անհայտ անձանց» ապօրինությունները։ Ովքե՞ր են «անհայտ անձինք»՝ այդ շուկայի մոնոպոլիստ «Քեթրին Միհրանի» մարդի՞կ, այլո՞ք, պետական ծառայողնե՞ր, պատրաստվո՞մ է ՊԵԿ-ն «անհայտ անձանց» հանցագործության թեմայով դիմել իրավապահ մարմիններին, թե՞ «անհայտ անձինք» չկան ու ՊԵԿ-ն եւս՝ «նախընտրական ռեժիմով», զբաղված է Կարեն Կարապետյանի PR-ով։
Այս հարցերի պատասխանները, հավանաբար, չենք ստանա։ Ինչպես նաեւ «մութ» կմնան Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի պայմանավորվածությունների առեղծվածը կամ այն պատճառները, որոնք հանգեցրել են դրանց չեղարկմանը։ Համենայն դեպս, փաստ է, որ նույն թիմի երկու լիդեր տրամագծորեն տարբեր երկու «նախընտրական արշավ» են սկսել՝ նույնական բառապաշարով, սակայն հակադիր շահերով։
Սարգիս Հակոբյան