Աչքներս լույս։ Մեկ կիլոգրամ շաքարավազի համար արդեն վճարում ենք 405 դրամ։ Շաքարի ներկրման գինը նվազել է 14%-ով: Անցած տարի այս ժամանակ՝ շաքարի մեկ կիլոգրամը վաճառվել է 350 դրամով, հիմա՝ 405 դրամ է։ Տնտեսագիտական տեսանկյունից՝ պարադոքս է։ Պարզ է, չէ՞, որ շաքարի ներկրմամբ զբաղվում է մեկ մարդ, ու այդ մեկ մարդը՝ ավելի ստույգ՝ «Լֆիկ Սամո» մականունով հայտնի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որոշել է ամանօրա տոներից առաջ գերշահույթ ստանալ։
Բնականաբար՝ ժողովրդից վերջին լուման «կլպելու» գնով։
Բայց տվյալ դեպքում խնդիրն ավելի խորքային ու բազմավեկտոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Խնդիրը շաքարավազն, ու նույնիսկ՝ Սամվել Ալեքսանյանի անձը չէ. վերջինիս դեմքով՝ օլիգարխիան մարտահրավեր է նետել վարչապետին, ով օրնիբուն խոսում է հակամենաշնորհային քաղաքականության մասին։ Խոսում է կարգախոսային՝ առանց քաղաքական գնահատականի ու հստակ քաղաքականության։ Խոսում է վերացական՝ ասես մոնոպոլիստները ոչ թե իշխանությանը սերտաճած ու նրան հարստացնող մարդիկ են, այլ՝ անտեսանելի այլմոլորակայիններ։
«Լֆիկ Սամոն» հասկացրեց, որ վիրտուալը՝ վարչապետն ու նրա ծրագիրն են։
Ձեռնոցը նետված է։ Հիմա խնդիրը քաղաքական ձեւակերպման, հստակ գնահատականների, գործողությունների մեջ է։ Կոնկրե՛տ: Ո՛չ վերացական։ Կամ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարում է, որ մենաշնորհները հանցավոր քաղաքականության ծնունդ են ու դրանց դեմ պայքարը ենթադրում է քաղաքական լուծումներ, կամ էլ՝ հասարակությունը համարում է, որ կառավարությունը տեղի տվեց Ալեքսանյանի «պեսոկային շանտաժին» ու կապիտուլացվեց։ Կոմպրոմիս գոյություն չունի, որովհետեւ բարեփոխումներն ու օլիգարխիան հաստատ անհամատեղելի են՝ ի տարբերություն Կարեն Կարապետյանի ու Սամվել Ալեքսանյանի, ովքեր կարող են մի թիմում լինել՝ «շեֆի» պահանջով։
Սարգիս Հակոբյան