Lragir.am. Ինչպես հայտնում է tert.am-ը, A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենամյա Global Retail Development Index 2013 վարկանիշային աղյուսակը, որում ներառված են մանրածախ առևտրի ոլորտում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային երկրները։ Հրապարակված ցանկը հետաքրքրական է հատկապես այն տեսանկյունից, որ դրանում լավագույն տասնյակում տեղ ունի Հայաստանը:
Սա առնվազն տարօրինակ է: Հայաստանը մանրածախ առեւտրի ոլորտում ներդրումների համար իր գրավչությամբ հետ է թողել անգամ Ռուսաստանին:
Բայց պետք է ընդունել, որ Հայաստանի մասով պատկերը հակասական է ոչ միայն զեկույցում, այլ նաեւ իրական կյանքում: Երկրում կա 35 տոկոս պաշտոնական աղքատություն՝ ինչը նշանակում է դե ֆակտո ավելի բարձր տոկոս, երկրից զանգվածաբար հեռանում է աշխատունակ խավի մի զգալի մասը: Բայց միեւնույն ժամանակ բացվում են նորանոր սուպերմարկետներ, առեւտրի կենտրոններ, բացվում են հագուստի վաճառքի բազմաթիվ խանութներ: Իհարկե հարց է, թե դրանցում որքան է կազմում առեւտուրը, բայց կարծես թե բոլոր տոնավաճառները մարդաշատ են: Առեւտրականները դժգոհ են առեւտրի ծավալից, բայց այդ դժգոհությանն էլ իհարկե միարժեք վստահելը միամտություն է: Միեւնույն ժամանակ պարզ է, որ գնողունակության զգալի մասը ձեւավորվում է հենց արտագնա աշխատանքի մեկնողների շնորհիվ, շատերը նաեւ պարզապես պարտքով են ապրում, չուզենալով զսպել իրենց նախասիրությունները հագուկապի բնագավառում եւ գերադասելով պարտքը, քան համեստությունը:
Պատկերն իսկապես խառն է ու պարադոքսալ: Եվ դա ընդամենը մոտ 3 միլիոն բնակչությամբ շուկայի պայմաններում:
Այդ իմաստով, եթե իրավիճակի մասին դատենք բացվող սուպերմարկետներով եւ տոնավաճառներով ու հագուստի սրահներով, ապա Հայաստանն իսկապես թողնում է մանրածախ խոպանի տպավորություն: Բայց եթե իրավիճակի մասին դատենք բնակչության ռեալ գնողունակությամբ, ապա այստեղ իհարկե իրավիճակն ավելի մոտ է անապատին:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի մանրածախ առեւտրի շուկան ենթարկված է «մեծածախ» բաժանման: Այսինքն, խանութների, տոնավաճառների, սուպերմարկետների հիմնական մասը պատկանում է միեւնույն մարդկանց կամ ընտանիքներին: Երեւանում բացվող խանութների հիմնական մասը պատկանում է այս կամ պաշտոնատար անձին, որի համար այդ խանութները ընդամենը ստվերային փողերը մաքրելու միջոց են:
Որն է այստեղ հեռանկարը, դժվար է ասել: Գուցե զեկույցի հեղինակները գիտեն մի բան, որ հայտնի չէ որեւէ ուրիշին: Կամ էլ չգիտեն կարեւոր բաներ, եւ այդ իսկ պատճառով են Հայաստանը համարում մանրածախ ներդրումների համար հեռանկարային երկիր:
Բայց, Հայաստանում հազիվ էլ մանրածախ առեւտրի հեռանկարներ նկատվեն: Առնելն ու ծախելը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբնորոշ գիծը: Մեծ հաշվով, դա է բոլոր տնտեսությունների հիմքը, եւ պետք է ստեղծել արժեք ու այն վաճառել, բայց Հայաստանում այդ ամենն ընդամենը պարզունակ առեւտրով է սահմանափակվում:
Դա էլ իհարկե վատ չէ, որովհետեւ դրանով ի վերջո կարող է ապրել բավական մեծ մի սոցիալական շերտ: Սակայն այստեղ խնդիրը հանգում է հենց այն իրողությանը, թե որքանով է շուկան բազմազան եւ մրցակցային, որքանով է այն ազատ: Եթե կա ազատություն ու մրցակցություն, ապա անգամ այսպես ասած պարզունակ տնտեսության այդ սեգմենտը կարող է հանդիսանալ լոկոմոտիվ, որն իր հետեւից կբերի տնտեսական նորանոր արժեքներ եւ կհանդիսանա ընդհանուր տնտեսական ակտիվության գեներատոր: Ի վերջո, ինչ որ բանից պետք է սկսել, առավել եւս, որ մանրածախ առեւտրի ոլորտը կապահովի տնտեսությանը հնարավորինս շատ սուբյեկտների մասնակցություն եւ հետեւաբար արագ գեներացիա:
Սակայն Հայաստանում հենց այդ է, որ փակ է հեռանկարների իմաստով: Այսինքն, կան մի քանի գերիշխող դիրք ունեցողներ՝ ընդ որում ոչ դե յուրե, այլ դե ֆակտո, որոնք ըստ էության իրենց ձեռքն են վերցրել մանրածախ առեւտուրը եւ հանդիսանում են դրանից հիմնական շահողները, նույնիսկ գերշահույթ ստացողները, մանր առեւտրականներին դե ֆակտո հասցնելով ընդամենը իրենց աշխատակցի մակարդակի: Արդյունքում, ոլորտում շրջանառվող փողերը հանգրվանում են մի քանի անձի գրպանում, ինչը նվազեցնում է շրջանառության ակտիվությունն ու արդյունավետությունը:
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն օրինակ, մոտ մեկ տարի առաջ հանդես եկավ մի առաջարկով. Ազատականացնել հագուստի առեւտրի ոլորտը, ազատել հարկերից, դյուրացնել ներկրումը, ինչը կարող է հանդիսանալ տնտեսական մեծ ակտիվության խթան՝ մուլտիպլիկացիայի էֆեկտով:
Բայց պարզ է, որ Հայաստանի իշխանության համար դա քննարկելու խնդիր չէ, որովհետեւ հագուստի ներկրումով են զբաղվում մի քանի օլիգարխ եւ բարձրաստիճան պաշտոնյա, եւ եթե ոլորտը հարկերից ազատվի, ապա նրանք էլ կազատվեն հարկ չվճարելու չգրված արտոնությունից, որ ստացել են իշխանության եւ բիզնեսի սերտաճման հետեւանքով:
Ոլորտի իրական ազատականացումից կարող է շահել միմիայն մանր առեւտրականը, որը սակայն չի տիրապետում իշխանության լծակների: Իշխանության լծակները խոշորներինն են, որոնց համար հարկային ու մաքսային մեխանիզմը այն գլխավոր մահակն է, որ ճոճում են իրենց բիզնես տիրույթներին որեւէ ստեղծագործական պոտենցիալով սպառնացող գործարարների առաջ:  

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ