«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկմումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում' Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունը անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու' իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար»։