«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Իմ տպավորությամբ՝ վարչապետի ներկայիս պաշտոնակատարը, որն ընդհանրապես չի ընդունում իր հասցեին ոչ մի քննադատություն, առավել ցավագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Փաշինյանը պնդեց, որ Տեր-Պետրոսյանն «ուզում էր Արցախը հանձներ» Ադրբեջանին: Ավելի վաղ «հանձնելու» ցանկությունը նա վերագրել էր նաև մնացած նախկին նախագահներին:
Այդ միտքը նա նաև երեկ կրկնեց: Ընդհանրապես, հետադարձ հայացքով քաղաքական գործիչների մտադրությունները քննելն անշնորհակալ գործ է: Ինչ էին ուզում անել նախկին ղեկավարները, գուցե և հետաքրքիր հարց է, բայց շատ դժվար ստուգաբանվող: Այդ թեմայով (ճիշտ է, բոլորովին այլ առիթով) դիպուկ դատողություն է արել հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը իր գրքերից մեկում: Խոսելով զուտ արտածական (դեդուկտիվ) մտավարժանքների մասին, նա նշում է, որ «ոչ մի դատարան չի ապացուցել մարդկանց հետին մտքերը»: Տվյալ դեպքում Փաշինյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը ցանկանում էին Արցախը հանձնել Ադրբեջանին: Ենթադրենք, այդպես է: Գուցե Հայաստանն էլ էին ուզում հանձնել, կամ ձգտում էին հայ ժողովրդին ամբողջությամբ ջնջել աշխարհի երեսից: Բայց ես գերադասում եմ խոսել ոչ թե մտադրությունների, այլ կատարված փաստերի մասին: Առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ մենք ունեցել ենք 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինյանի ժամանակ այդ տարածքը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դարձել է 3.3 հազար քառակուսի կիլոմետր, այն էլ՝ խիստ վտանգված:
Ստացվում է, որ առաջին երեքն «ուզում էին» Արցախը հանձնել, բայց չհանձնեցին, իսկ չորրորդը «չէր ուզում», բայց հանձնեց: Ձեզ ո՞ր տարբերակն է ձեռնտու: Կարծում եմ, որ 1998-ից հետո Հայաստանի բոլոր իշխանություններն իսկապես ցանկանում էին պահպանել status quo-ն, և դա, ինչպես հիմա է պարզ դարձել, սխալ հաշվարկ էր: Բայց Հայաստանի 2-րդ և 3-րդ ղեկավարները տարբերվում են 4-րդից նրանով, որ առաջինների դեպքում այդ կարգավիճակը պահպանվել է, իսկ վերջինիս դեպքում՝ չի պահպանվել՝ ի հեճուկս նրա խրոխտ հայտարարությունների: Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ երկու տասնամյակների ընթացքն անկասելիորեն տանում էր դեպի պարտություն, և Փաշինյանը ոչ մի ճար չուներ, բացի Արցախի 70 տոկոսը հանձնելուց և հազարավոր զոհեր տալուց: Արձանագրված փաստե՛րը, ոչ թե ձգտումներն ու մտադրությունները, թույլ են տալիս եզրակացնելու, որ 4-րդ ղեկավարը շատ ավելի անպատասխանատու է և արկածախնդիր, քան նախորդները: Ոչ միայն Փաշինյանին, այլև ընտրական պրոցեսի մնացած մասնակիցներին ես կառաջարկեի չօգտագործել «բա որ դու էսինչ թվին էսինչ բանն էիր ասում» փաստարկը և խոսել այսօրվա վիճակի, ինչպես նաև վաղվա ելքերի մասին»։