Սիսիանում ՔՊ-ականների արշալույսները վերջին օրերին խաղաղ չեն: Հիմնական կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Ավագյանը և ՔՊ-ական մի շարք դժգոհ շրջանակներ սկսել են աշխատել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։
Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել գործող ԺՊ-ի տակ:
Քայլած ՔՊ-ականներին, իհարկե, կարելի է հասկանալ: Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն է նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, երկրորդ պլան մղելով քայլած ակտիվիստներին: Աղասի Հակոբջանյանին էր ի դեպ պատկանում Շաքիի փոքր ՀԷԿ-ը: Շաքիի փոքր ՀԷԿ-ից սնվող Շաքիի ջրվեժի խնդրով տարիներ շարունակ բարձրաձայնումներ է արել «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը ահազանգում էր, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում: 2020 թվականին՝ հեղափոխությունից հետո խնդրին անդրադարձել էր նաև Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը: Իսկ այժմ Փաշինյանը կարծես թե մոռացել է այդ մասին:
Թե ինչ է արել ՔՊ-ի համար Հակոբջանյանը բացառությամբ Սիսիանում ունեցած կապերը գործի դնելուց՝ դժվար է ասել: Սակայն, թերևս հենց կապերի համար էլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Հակոբջանյանի և ոչ թե ասենք՝ Արսեն Ավագյանի վրա, ով հայտնի է քահանային սպառնալով՝ վերջինս վարչապետի ձեռքը օդում էր թողել, երկրորդ նախագահի դեմ իր բազմաթիվ վիրավորական գրառումներով և ՔՊ պատիվը պահելով: Ինչպես երևում է, Փաշինյանի գործելաոճը սկսել է նյարդայնացնել ՔՊ համար «վիզ դրած» քայլած ակտիվիստներին և նրանց համար հասկանալի չէ, թե ինչու է Սերժին մերժած Փաշինյանը Սերժի կադրերին կրկին բերում առաջին պլան, իսկ իրենց՝ մոռացության մատնում կամ տալիս տասներորդական նշանակության պաշտոններ...: