Այս օրերին Աժ-ում բուռն բանավեճ է ծավալվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի առաջարկած այս նախագիծը բխում է բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության շահերից, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունը արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Այս փոփոխությունը այնքան շահավետ է «Վիվառո»-ի համար, որ տպավորություն է, թե ի սկզբանե Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից: Ինչպես հայտնի է Ալեն Սիմոնյանը «Վիվառո» ընկերության սեփականատեր, «Բեսք Քոնսթրաքտ» ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանի ընկերն է: Որոշ խոսակցությունների համաձայն անգամ Ալեն Սիմոնյանի RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենան Սիմոնյանի համար գնել է հենց Բադալյանը: Իհարկե, Ալեն Սիմոնյանը այլ վարկած է առաջ քաշում, պնդելով, որ մեքենան գնվել է վարկային գծով: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ ԱԺ նախագահի աշխատավարձով Սիմոնյանը հաջողացրել է գնել շուրջ 40 հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ ավտոմեքենան:
Դեռևս նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ էր դրել «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով ընդհանրապես ՀՀ տարածքում արգելվում էին վիճակախաղերը: Նախագիծն այն ժամանակ մերժվեց: Սակայն, քանի որ այն ուներ հասարակության լայն զանգվածների աջակցությունը, «Վիվառոն» փորձեց նոր կառավարության հետ ավելի մտերմացնել հարաբերությունները, որպեսզի թույլ չտա օրենքի հնարավոր նոր շրջանառությունը: Եվ այս հարցում «Վիվառո»-ի շահերի լոբբիստը հենց Ալեն Սիմոնյանն է: Սիմոնյանը, ի դեպ, չի էլ թաքցնում իր համակրանքը «Վիվառո»-ի հանդեպ: Հարցազրույցներից մեկում նա բառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»:
Սակայն Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը լուրջ հակազդեցության է արժանանում հենց իր թիմակիցների կողմից: Մասնավորապես, «Իմ Քայլ»-ից պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր հրապարակայնորեն դեմ է արտահայտվել որևէ բուքմեյքերական կետի փակվելուն, չնայած նրան, որ նախաձեռնության հեղինակը իր ընկերն է: Ինչպես ասում են՝ «Պլատոնը իմ ընկերն է, սակայն ճշմարտությունը ավելի թանկ է»: Այս դեպքում Հայկ Սարգսյանի համար սակայն ավելի թանկ են այն բիզնես շրջանակների շահերը, որոնց նա ներկայացնում է: Չմոռանանք, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ Քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները: Բանն այն է, որ հենց նրանք և Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում վերջիններիս՝ ԱԺ-ում լոբբինգ անելով հենց նրանց շահերի օգտին:
Արդյունքում տեսնում ենք թե ինչպիսի շահերի բախման է այս իրավիճակը հանգեցրել հենց իշխող քաղաքական ուժի ներսում: Կարծես թե ՔՊ-ի ներսում տնտեսական, օլիգարխիկ շահերի լուրջ բախում է հասունանում: Մինչդեռ թվում էր, թե նման երևույթները նոր Հայաստանում պետք է շուտվանից արմատախիլ արված լինեին...