«Քաղաքապետի հրաժարականի մասին քննարկվում է ոչ միայն օնլայն տիրույթում, այլև՝ քաղաքապետարանի ներսում: Ակնհայտ է, որ քաղաքապետը իր տեղում չէ, ակնհայտ է, որ ինչքան ժամանակը առաջ է գնում, այդքան քաղաքը ավելի է տուժում Հայկ Մարությանի պաշտոնավարումից: Ինչպես նախկինում, այնպես էլ կարծում եմ՝ հիմա Փաշինյանի դերակատարումը մեծ է այդ որոշումը կայացնելու հարցում, բայց չեմ կարծում, որ վարչապետը կհամաձայնի, որ Մարությանը դադարեցնի իր լիազորությունները: Ես թերահավատորեն եմ վերաբերվում քաղաքապետի հրաժարականի մասին լուրերին, թեև հիմքեր կան այդպես կարծելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա՝ Հայկ Մարությանի հրաժարականի մասին լուրերի շրջանառվելը ուղիղ կապ ունի նրա արձակուրդ մեկնելու հետ. «Յուրաքանչյուր անգամ, երբ Մարությանը գնում է երկարատև արձակուրդի, մարդկանց մոտ թարմանում է այն տպավորությունը, որ քաղաքապետը՝ իրականում այդքան էլ խանդավառված չէ այդ պաշտոնը զբաղեցնելով: Հիմա լրանում է Մարությանի 2 տարին, իսկ այս 2 տարում Մարությանը գրանցել է բազմաթիվ ձախողումներ, որոնք տեսանելի են մեր քաղաքացիների համար»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, եթե լինի քաղաքապետի հրաժարականը, ըստ ընթացակարգի, ո՞վ պետք է փոխարինի նրան. «Քաղաքապետի հրաժարականից հետո ուղիղ փոխարինումը կատարում է քաղաքապետի առաջին տեղեկալը, որը նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև Երևանի ՏԻՄ օրենքի սահմանված ժամկետներում ավագանու ներսում կայանում է քաղաքապետի ընտրություն, և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունք ունի միայն ավագանու անդամ հանդիսացող, 30 տարին լրացած որևէ անձ: Այս իրավիճակում արդեն մեծամասնության որոշումը կլինի, թե ում ընտրել ներսից»,- ասաց Երևանի ավագանու անդամը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ քաղաքապետը անհաղորդ է ներսի մարդկանց մտահոգություններին. «Ներսում ևս Մարությանին ուղղված դժգոհություններ կան, որովհետև նա նաև մեծամասնությանն է անհաղորդ: Մեծամասնության մեջ մարդիկ են, որոնք ժամանակին պայքարում էին քաղաքի տեսքը ձևախեղող տարբեր շինությունների դեմ: Եվ հիմա մարդիկ ստիպված են համակերպվել Մարությանի կայացրած որոշումների հետ: Գլխավոր ճարտարապետը, որը հեղինակավոր մարդ է, հրաժարվեց իր պաշտոնից, Մարությանի հետ չաշխատելու համար: Ես չեմ բացառում, որ Փաշինյանի մոտ ևս կան դժգոհություններ, որովհետև նա բաց և անկեղծ խոստովանում է, որ Մարությանի գրածները ալարելով է բացում և կարդում: Կարծես թե, Մարությանը հետհեղափոխական սիմվոլ է դարձել Փաշինյանի համար, որից նա չի ցանկանում հրաժարվել»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
Զվարթ Պետրոսյան