Նախկին մոլի ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ մեկը մյուսին հերթ չտալով՝ ձգտում են դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և «անձնվիրաբար ծառայել» Նիկոլ Փաշինյանին։
Մինչև աքաղաղի կանչը Սերժ Սարգսյանին ուրացած ՀՀԿ-ականներից է Տաճատ Վարդապետյանը, ով անհամբեր սպասում է Փաշինյանի խոսքին՝ ՔՊ-ին անդամագրվելու և դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Վարդպետյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց, որ առաջարկության դեպքում անպայման կսկսի աշխատել ՔՊ-ի հետ։
«Ես առաջնորդվում եմ ժողովրդի կամքով, քանի որ ապրիլին երկրում տեղի ունեցավ աննախադեպ մի բան, որին ոչ ոք չէր հավատում։ Դա մեր ժողովրդի ոգու ցանկությունն էր, ժողովրդի կամքը»,-ասաց ճամբարափոխ Տաճատ Վարդապետյանը, այդպիսով փորձելով իր նվիրվածությունը ցույց տալ նոր իշխանությանը։
Մեր այն դիտարկմանը, թե ինչու որոշեց հանկարծ իր համար «անփոխարինելի առաջնորդ» Սերժ Սարգսյանին փոխել Նիկոլ Փաշինյանով, Վարդապետյանն ընգծեց․ «Ես իմ բոլոր ղեկավարներին հարգում եմ»։
Վարդապետյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ին հավերժ ծառայելու միտքը փոխել է, քանի որ Փաշինյանն իշխանության գալուց հետո մի շարք անհավատալի բացահայտումներ է արել։ Իսկ կրկին մեր այն դիտարկմանը, թե դեռևս Սերժ Սարգսյանի մասով հստակ որևէ բացահայտում չի արվել, նրան ինչո՞ւ է լքել, նախկին ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը չցանկացավ մեկնաբանել։
Արմինե Միքայելյան